«Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն ԱԱԾ-ի դիմաց սուտ է ասել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի վրա «Ռեստարտ» խմբի անդամների հարձակման գործով դատական առաջին նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նարեկ Մալյանը:

«Երբ լրատվամիջոցներից մեկն ինձ ասաց, թե «Ռեստարտի» անդամները ցանկացել են ինձ աղբամանը նետել, ես ասացի՝ ցանկանում եմ նրա մայրիկին»,– ասաց նա։

Նշենք, որ Դավիթ Պետրոսյանը հայտարարել էր. «Մարտի 4–ին մենք ցանկացանք աղբարկղը նետել մի վիդեոբլոգերի, որը հրապարակային ասել էր, որ մենք անբարոյականների զավակներ ենք, նա հրապարակային ասել էր, որ ցանկանում է իմ մայրիկին եւ դրանից հետո ոչ  մի արձագանք չի եղել տվյալ անձի ատելության մթնոլորտի սերմանման հետ կապված»։

Նարեկ Մալյանը պատմեց, որ այդ միջադեպից հետո ինքը հանդիպել է Դավիթ Պետրոսյանի հետ. «Եթե ցանկանում էին, թող նետեին, սակայն այդ հարցում էլ են նրանք ապաշնորհ գտնվել՝ չկարողանալով 12 հոգով մի հոգու աղբամանը նետել։ Ինչպես տեսնում եք, Սորոսը Հայաստանում զուր գումարներ է ծախսում: Էլ չեմ ասում, որ հարձակումից հետո ես Պետրոսյանին տեսել եմ ու հայտնել եմ իմ կարծիքը: Ես տղամարդկություն ունեմ դա անելու համար»:

Մալյանը նշեց, որ եթե նրանց գործողությունները չպատժվեն, կենթադրվի, որ նման գործողությունները Հայաստանում պատժելի չեն։

«Սա անկյունաքարային պահ է՝ հասկանալու համար, որ իրականացվող քարոզի քողի տակ պարունակում է այլախոհների նկատմամբ բռնի հարձակումներ, առեւանգման փորձեր: Սա եղել է նաեւ Ուկրաինայում հեղափոխությունից հետո»,– ասաց նա։

Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի վրա «Ռեստարտ» խմբի անդամների հարձակման գործով դատական առաջին նիստը: Դատական նիստը հետաձգվեց, քանի որ ամբաստանյալներից Դավիթ Սիմոնյանը չէր ստացել մեղադրական եզրակացությունը։

Նշենք, որ մինչեւ դատական նիստի սկսվելը Նարեկ Մալյանի աջակիցները դատարանի դիմաց ակցիա էին իրականացնում։ Նրանց էին միացել մի քանի ՀԿ անդամներ, «Ադեկվատ» կուսակցության նախաձեռնության անդամ Լիկա Թումանյանը,  Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը եւ այլոք։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կեսգիշերն անց, Երեւան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեի մոտ միջադեպ է տեղի ունեցել: Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել  եւ բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի եւ հրավիրել մեկ քաղաքացու:

Կեսգիշերին Նարեկ Մալյանն ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով հայտնել էր, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները հարձակվել են իր վրա, 10 հոգով մոտեցել եւ փորձել են քաշքշել ու ճանկռել, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:

Ավելի ուշ՝  «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը Facebook-ի ուղիղ եթերում խոստովանել էր, որ Նարեկ Մալյանի վրա հարձակվողներն իրենք են եղել, որից հետո հրապարակել էր նաեւ այն տեսանյութը, որ փորձում էին Նարեկ Մալյանին աղբարկղ նետել։

Նշենք, որ դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ ՔՕ 258–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետի հատկանիշներով՝  մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը։