Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատակիցների աշխատավարձերը էներգետիկ ոլորտի աշխատակիցների շարքում ամենաբարձրն են: Այս մասին դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:

Նրա խոսքով՝ կառուցվածքային բարեփոխումների արդյունքում հաջողվել է աշխատակիցների միջին աշխատավարձը 300 հազար դրամից հասցնել մինչեւ 360 հազար դրամի: «Եթե խոսենք մասնագետների աշխատավարձերի մասին, ապա դրանք ավելի բարձր են, քան անգամ բանկային ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը»,- նշեց նա:

Փոխնախարարը նշեց, որ աշխատավարձերը շատ ավելի բարձր կլինեին, եթե աշխատեր եւս մեկ էներգաբլոկ, քանի որ հիմա աշխատավարձը տրվում է՝ ելնելով մեկ էներգաբլոկի արտադրողականությունից:

Կայանի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանն իր հերթին հավելեց, որ աշխատավարձերի ուշացումներ չկան: