Եվրահանձնաժողովը ավելի խիստ հսկողության տակ է վերցրել Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարությունում, որը հրապարակվել է ԵՄ թռիչքների անվտանգության ցուցակի թարմացման առիթով։

«Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ենթարկվել է ուժեղացված հսկողության թռիչքների անվտանգության վերահսկողության նվազման նշանների պատճառով»,- ասվում է Եվրոպական հանձնաժողովի հայտարարությունում։

Բայց ԵՄ-ում չեն բացատրել իրենց անհանգստության պատճառները։

Եվրահանձնաժողովը թարմացրել է ԵՄ թռիչքների անվտանգության ցուցակը՝ ավիաընկերությունների ցուցակը, որոնք չեն համապատասխանում անվտանգության միջազգային չափորոշիչներին եւ, հետեւաբար, նրանց վրա տարածվում է շահագործային արգելք կամ շահագործային սահմանափակումներ Եվրամիության շրջանակում։