Եվրահանձնաժողովը աջակցում է Հունաստանին Թուրքիայի հետ նրա սրվող կոնֆլիկտում ծովային գոտիների պատճառով։ Այս մասին հայտարարել է ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենը, տեղեկացնում է Euractiv-ը։

«Մենք ձեր կողմում ենք, Թուրքիայի գործողություններն Էգեյան ծովում անընդունելի են, մենք հստակ ազդանշան կուղարկենք Թուրքիային»,- ասել է ֆոն դեր Լյաենը աջակենտրոն Եվրոպական ժողովրդական կուսակցության խորհրդարանական խմբերի նախագահների գագաթաժողովում։

Թուրքիան վերջերս հուշագիր է ստորագրել Լիբիայի հետ փոխըմբռնման մասին ծովային գոտիների սահմանագծման վերաբերյալ, ինչն առաջ է բերել Աթենքի, Նիկոսիայի եւ Կահիրեի բուռն արձագանքը։ Թուրք-լիբիական համաձայնագիրն անտեսում է Կրետե կղզին, Հունաստանը հայտարարում է, որ Թուրքիան ցանկանում է ստեղծել իրավական նախադեպ «ապօրինի» համաձայնագրի միջոցով։

Հունաստանը եւ Եգիպտոսը որոշել են արագացնել հարցի քննարկումը իրենց միջեւ բացառիկ տնտեսական գոտու սահմանազատման մասին։

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը ասել է, որ Թուրքիայի եւ Լիբիայի հուշագիրը «շանտաժ» է Անկարայի կողմից։ Եվրոպան պետք է հստակ հասկանալ տա Թուրքիային եւ պատժամիջոցներ պատրաստի Լիբիայի ու Թուրքիայի դեմ, ավելացրել է Դենդիասը։

ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Ջոզեպ Բորելը համերաշխություն է հայտնել  Հունաստանին եւ Կիպրոսին՝ ասելով, որ Թուրքիայի եւ Լիբիայի գործարքը «լուրջ անհանգստություն» է առաջացնում Բրյուսելում։ Ներկայում Եվրոպական հանձնաժողովը ուսումնասիրում է գործարքի բովանդակությունը, որը, Բորելի խոսքով, խնդրահարույց է Հունաստանի եւ Կիպրոսի տարածքային ջրերի համար։

Ֆրանսիան, Իտալիան եւ Նիդեռլանդները «լիովին աջակցում են» Հունաստանին, ասվել է Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։

Հունական աղբյուրները EURACTIV.gr-ին տեղեկացրել են, որ արեւելյան Միջերկրածովում Թուրքայի ձեռնարկած ցանկացած քայլ սպառնալիքի տակ է դնում EastMed գազատարը եւ ԵՄ էներգետիկ անվտանգությունն ընդհանրապես, այն դեպքում, երբ Թուրքիան սերտորեն համագործակցում է Ռուսաստանի հետ Turkstream գազատարի հարցում։

Լիբիայի խորհրդարանի նախագահ Ագիլա Սալեհ Էյսան պաշտոնական նամակ է ուղարկել ՄԱԿ գլխավոր քարտուղարին, որում ասվում է, որ հուշագիրը չի վավերացվել, եւ Լիբիայի Ներկայացուցիչների պալատն այն չի ճանաչում։

Նա նաեւ կոչ է արել ՄԱԿ-ին բանաձեւ կազմել լիբիական ազգային համաձայնության կառավարությունը հետ կանչելու մասին։ Լիբիական խորհրդարանի խոսնակի խոսքով՝ ներկայիս կառավարությունն ապօրինի է եւ հուշագիրն օգտագործում է Թուրքիայի տնտեսական եւ տարածքային իրավունքների ապահովման համար, որը ծովային սահման չունի Լիբիայի հետ։