2019թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 09:30-ից մինչեւ ժամը 13:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Երեւան քաղաքի Ավան Աճառյան փողոցի բնակարաններից մեկի դուռը, ապօրինի մուտք է գործել բնակարան եւ գաղտնի հափշտակել 2.292.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա եւ արծաթյա զարդեր, 80.000 ՀՀ դրամ կանխիկ գումար՝ ընդհանուր առմամբ պատճառելով 3.000.000 ՀՀ դրամ գումարի առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, տեղեկանում ենք ՔԿ-ի լրատվության ծառայությունից։

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու բնակարան ապօրինի մուտք գործած եւ ուրիշի գույքը առանձնապես խոշոր չափերով գաղտնի հափշտակություն կատարած անձի (անձանց) ինքնությունը։

Դեպքի առթիվ ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետերի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրին հարակից խաչմերուկում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունը, որտեղ երեւում է առերեւույթ հանցագործություն կատարած անձը կամ անձինք:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ առերեւույթ հանցանքը կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ովքեր ճանաչում են տեսապատկերված անձին (անձանց), կամ որեւէ տեղեկություն ունեն նրա(նրանց) ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին: