Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) դեկտեմբերի 10-իմ բացվել է Չինական մշակույթի կենտրոն։ Արարողությանը ներկա էին Հայաստանում Չինաստանի դեսպան Տյան Էռլունը, պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, դասախոսներ, ուսանողներ, ինչպես նաեւ համալսարանին կից դպրոցի աշակերտներ։

Իր ելույթում դեսպան Տյան Էռլունը նշեց, որ Չինական մշակույթի կենտրոնը բացվում է Հայաստանի եւ Չինաստանի միջեւ բուռն զարգացող հարաբերությունների ֆոնին։ «Միջազգային կապերը Հայաստանի եւ Չինաստանի միջեւ գնում են դարերի խորքը Մետաքսի ճանապարհի դարաշրջան»,- ասաց նա՝ մատնանշելով երկրների միջեւ համակողմանի համագործակցությունը։ Դեսպանը հատկապես նշեց հումանիտար ոլորտում հարաբերությունների զարգացման կարեւորությունը, մասնավորապես՝ երկու երկրների բուհերի միջեւ համագործակցության համատեքստում։ «Ես կարծում եմ, որ հատկապես կարեւոր է, որպեսզի երկու երկրների երիտասարդների միջեւ միմյանց մասին ավելի շատ տեղեկատվություն լինի»,- ավելացրել է նա։

Ինչպես նշեց ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, համալսարանը կապեր է հաստատել չինական մի շարք համալսարանների հետ, եւ համալսարանի ուսանողները ուսումնասիրում են չինարեն լեզուն։ Արարողության ժամանակ ելույթ ունեցան համալսարանին կից դպրոցի աշակերտները, ինչպես նաեւ չինարենի դասախոսը, որը չինարեն է դասավանդում համալսարանում մի քանի ամիս։