Կոնգրեսական դեմոկրատները, ներառյալ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, իրավաբանական հանձնաժողովի նախագահ Ջերալդ Նադլերը եւ հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը, նախագահի դեմ երկու՝ իշխանության չարաշահում եւ Կոնգրեսի գործունեության խոչընդոտում հոդվածներով մեղադրանք են ներկայացրել, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Ջերալդ նադլերը հայտարարել է, որ նախագահի գործողությունները վնաս են պատճառել ազգային անվտանգությանը եւ սպառնալիքի տակ են դրել առաջիկա նախագահական ընտրությունների արդարությունը։ Նա հավելել է, որ ի տարբերություն նախագահ Թրամփի՝ օրենսդիրները առաջին հերթին մտահոգված են սահմանադրության անշեղ պահպանմամբ։

Այնուհետեւ ելույթ ունեցած Ադամ Շիֆն ընդգծել է, որ սահմանադրությունը խախտողը դավաճանում է հասարակության վստահությանը։ Նրա խոսքերով՝ նախագահի կողմից թույլ տրված չարաշահումների վկայությունները բազմաթիվ են ու անվիճելի։ Օրենսդիրը նշել է, որ անհրաժեշտ է անհապաղ գործել, որպեսզի թույլ չտրվի արտասահմանյան միջամտություն 2020թ․ ընտրություններում։

Պատասխանելով այն հարցին, թե կհավաքվեն արդյոք բավարար ձայներ, որպեսզի նախագահին իմպիչմենթի ենթարկեն, Փելոսին ասել է, թե Ներկայացուցիչների պալատի անդամները պետք է քվեարկեն լսելով իրենց խղճի ձայնը։ «Նման հարցերում մենք ձայներ չենք հաշվում։ Մարդիկ պարզապես կտեղեկացնեն, թե ինչ են մտածում այդ մասին, ասել է նա,- Ես չեմ հաշվել ձայները եւ չեմ անի դա»։