Սաուդյան Արաբիան եւ ամերիկյան տեխնոլոգիաները ատոմակայանների զարգացման համար օգտագործել ցանկացող մյուս երկրները պետք է համաձայնեն ՄԱԿ համակողմանի տեսչության իրականացմանը այն լրացումներին համապատասխան, որոնք կներառվեն պաշտպանական քաղաքականության մասին օրինագծում, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով Կոնգրեսում ունեցած աղբյուրներին։ Այդ միջոցը, որը նախաձեռնել է կոնգրեսական Բրեդլի Շերմանը, պահանջում է երկրներից ստորագրել այսպես կոչված Լրացուցիչ արձանագրություն։ Հասկանալի է, որ ԱԷՄԳ-ն մանրակրկիտ տեսչություն է իրականացրել միջուկային էներգետիկայի օբյեկտներում, որպեսզի համոզվի, որ երկրները միջուկային զենք չեն պատրաստվում ստեղծել։

Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վաղուց բանակցություններ է վարում Սաուդյան Արաբիայի հետ, որը ցանկանում է կառուցել երկու ատոմակայան եւ կարող է դրա համար օգտագործել ԱՄՆ տեխնոլոգիան։

Օրենսդիրները ցանկանում են ավելի մեծ հսկողություն  Սաուդյան Արաբիայի հետ ցանկացած գործարքի պարագայում այն բանից հետո, երբ թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը անցած տարի հայտարարեց, որ իր երկիրը չի ցանկանում միջուկային զենք, բայց կսկսկի մշակել, եթե Իրանն ստեղծի այն։

Միջուկային զենքի չտարածման գծով փորձագետները կարծում են, որ օրինագծում միջոցը ներառելը լավ քայլ էր, բայց Կոնգրեսը պետք է ավելին անի։

Սեպտեմբերին ԱՄՆ էներգետիկայի նախկին նախարար Ռիկ Փերին նամակ էր ուղարկել սաուդցի պաշտոնյաներին, որում ասվում էր, որ ցանկացած գործարք միջուկային էներգետիկայի վերաբերյալ պետք է պարունակի նաեւ այսպես կոչված պարտավորություն՝ հրաժարվելու ուրանի հարստացումից կամ վերամշակումից։