Բազմաթիվ կանխատեսումները, այդ թվում Համաշխարհային տնտեսական համաժողովի, հաստատում են, որ արտադրության ավտոմատացումը ոչ միայն աշխատանքից կզրկի միլիոնավոր մարդկանց, այլեւ միաժամանակ կստեղծի նոր աշխատատեղեր։ Սակայն իսրայելական ծագումով ամերիկյան ֆուտուրոլոգ Ռոի Ցեզանան կարծում է, որ հարցն այդ կերպ դնելն անիմաստ է, գրում է Haaretz-ը։

«Առավել խորը եւ հետաքրքիր հարցն այն չէ, թե կստեղծվեն արդյոք նոր աշխատատեղեր, այլ այն է, թե անհետացող հների փոխարեն կհայտնվեն արդյոք նորերը, կամ ինչ արագությամբ կծագեն նոր պահանջներ եւ նոր ունակությունների, մասնագիտությունների ու փորձի պահանջարկ։ Մի խնդիրների անհետացման եւ մյուսների առաջացման տեմպերը փոխվում են, եւ դա ապշեցուցիչ է»,- ասել է նա։

Վերջին ժամանակներս, ելնելով Boston Consulting Group-ի զեկույցից, նկատվում է որոշակի ծառայությունների պահանջարկ, որոնք կապված չեն թվային տեխնոլոգիաների հետ։

Խոսքն, օրինակ, երեխաների եւ ծերերի խնամքի, ֆիթնեսի եւ վարքաբանական վերլուծության մասին է։ Սակայն, Ցեզանայի կարծիքով, դա ընդհանուր խնդրի մի մասն է։

«Մենք մեծ բեւեռացում ենք տեսնում աշխատաշուկայում»,- կարծում է նա։ Նույնիսկ չնայած նրան, որ տեխնոլոգիան վերջին հարյուր տարիներին ստեղծել է շատ աշխատատեղեր, այն հանգեցրել է նաեւ հասարակության շերտավորմանը։

Նրանք, ովքեր աշխատում են բարձր որակավորում պահանջող ոլորտում, մանավանդ ստույգ գիտություններում, միջինն ավելի շատ են աշխատում, իսկ ցածր որակավորում ունեցողները՝ քիչ։ Դա արդյունք է պրոֆեսիոնալների մշտական հոսքի, որոնց աշխատատեղերը անհետանում են ավտոմատացման հետեւանքով, եւ որոնք ունեցել են որակավորման միջին մակարդակ, հայտնում է HighTech+-ը։

Արդյունքում ստացվում է գերհարուստների փոքր թվով եւ աղքատների մեծ թվով հասարակություն, որը մենք արդեն տեսնում ենք Ամերիկայոււմ։ Միջին դասը լրացնում է աղքատների շարքերը, քանի որ, օրինակ, գործարանները փակվում են, իսկ արտադրությունները տեղափոխվում են Չինաստան։

Ներկայում գործարանները կրկին վերադարձնում են Նահանգներ, սակայն դա արդեն ոչ մեկին չի օգնի, քանի որ արտադրությունները կավտոմատացվեն։

Մինչեւ 1970-ականները ԱՄՆ-ում աշխատավարձը արտադրողականությանը զուգահեռ բարձրանում էր, սակայն այնուհետեւ իրավիճակը փոխվեց։ 1974-2014թթ․ արտադրողականությունը բարձրացավ 74 տոկոսով, իսկ ժամավճարը միայն 9 տոկոսով։ Ցեզանան դա բացատրում է նրանով, որ այդ ժամանակ գործարանները սկսել են ավտոմատացնել եւ տեղափոխել էժան աշխատուժով երկրներ։

«Այս թվերը նշանակում են միջին խավի համար աշխարհի վերջ»,- վստահեցնում է գիտնականը։