ԱՄՆ-ը արգելել է Մուհամմեդ Ալ Օտաիբիի՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի նախկին գլխավոր հյուպատոսի մուտքը երկիր, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2018թ․ հոկտեմբերին, երբ հյուպատոսության շենքում սպանվեց սաուդյան լրագրող Ջամալ Խաշոգջին, հայտնում է Reuters-ը։

«Ջամալ Խաշոգջիի սպանությունը նողկալի, անընդունելի հանցագործություն էր», -ասվում է Պետդեպի հայտարարության մեջ, որը կրկին Սաուդյան Արաբիայի կառավարությանը կոչ է արել «լիարժեք, արդար եւ թափանցիկ» գործընթաց անցկացնել, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն նրանք, ովքեր մեղավոր են լրագրողի սպանության մեջ։

Ավելի վաղ Օտաիբիի բաժնետոմսերը ԱՄՆ-ում սառեցվել էին Խաշոգջիի մահվան մեջ նրա ենթադրյալ դերի պատճառով։ Նրա ընտանիքի անդամներին եւս արգելված է մտնել Միացյալ Նահանգներ։

Խաշոգջին ամերիկյան Washington Post թերթի թղթակից էր եւ 2017-ից ապրում էր ԱՄՆ-ում։ 2018թ․ հոկտեմբերի 2-ին, մտնելով Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն, նա անհետացել էր։ Բարձրացված աղմուկից հետո հոկտեմբերի 20-ին ՍԱ պետական ԶԼՄ-ները հայտարարել էին, որ լրագրողը մահացել է հյուպատոսության աշխատակիցների հետ վեճի հետեւանքով։

ԿՀՎ եւ արեւմտյան որոշ կառավարություններ հայտարարել են, թե կարծում են, որ արքայազն Մուհամմեդն է տվել Խաշոգջիի հետ հաշվեհարդար տեսնելու հրամանը, սակայն Էր Ռիադը հերքում է դա։

Տասնմեկ կասկածյալներ Սաուդյան Արաբիայում դատարանի առջեւ են կանգնել լրագրողի սպանության համար։