Երեւանի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի բնակիչները բողոքում են, որ կոյուղու հաճախակի խցանումների պատճառով կոյուղաջրերը լցվում են փողոց:

«Մի քանի տարի է՝ այս խնդիրը կա, ամեն անգամ զանգում ենք «Վեոլիա ջուր», գալիս, բացում են կոյուղին, թողնում գնում են, բան չի փոխվում»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց բնակիչներից Անդրանիկ Գեւորգյանը:

Հերթական խնդիրը առաջացել է մի քանի օր առաջ, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, բնակիչների ահազանգով «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները եկել են, բացել են խցանված կոյուղին, հեռացել: Պարզվել է՝ կոյուղատարը այդ հատվածում չափերով փոքր է, ինչն էլ առաջացնում է կոյուղաջրերի արտահոսք: Բնակիչները դիմել են նաեւ վարչական շրջանի ղեկավարին, սակայն ոչ նա, ոչ  «Վեոլիա ջուր» ընկերությունը չեն ստանձնում պատասխանատվությունը:

«Թաղապետն ասում է՝ եզդիների անասնագոմաղբից է խցանվել, բայց էդ ո՞ր մի թաղապետն ա տենց անգրագետ բան ասում, ինքն էլ մի փողոց է հեռու ապրում, շաբաթը գոնե երկու անգամ անցնում է այստեղով: Գոնե մեկին թաղապետարանից ուղարկեր, ասեր՝ գնացեք, տեսեք՝ ինչն է խնդիրը: Այսօր առավոտյան ես եմ մտել կոմունալ բաժնի պետի մոտ, ասաց՝ կանալիզացիան մերը չի, «Վեոլիա ջրինն»  է: «Վեոլիա ջուրն» էլ ասում է՝ մենք փոքր տրուբաներ չունենք, դա թաղապետարանինն է»,- ասաց բնակիչներից Արարատ Մանուկյանը:

Բնակիչների համար մյուս պատուհասը նույն փողոցում գոյացած փոսն է, որտեղ խորության պատճառով հավաքվում են մի քանի փողոցներից այդ կողմով հոսող անձրեւաջրերը:

«Ձմեռը գալիս է, ջուրը սառում է, կամ երեխեքն են կանկի քշում, կամ մեքենաներն են իրար գալիս խփում»,- ասաց բնակիչը:

Բնակիչները պահանջում են, որ այդ հատվածով անցնող՝ փոքր չափերով կոյուղատարը փոխվի, իսկ ասֆալտի փոս ընկած հատվածը կարգավորվի: