Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները պետք է լինեն ավելի լավ, քան վերջին տարիներին էին, երկու երկրներն էլ աշխատում են այդ ուղղությամբ։ Պետդեպում երեքշաբթի օրը տեղի ունեցած բանակցությունների արդյունքներով այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նա պատմել է, որ այս տարվա գարնանը Մոսկվա իր այցից հետո երկու երկրներն աշխատել են այդ հարցի շուրջ։

Պոմպեոն հավելել է, որ իր ռուս գործընկերոջը հայտարարել է ընտրություններին միջամտելու անթույլատրելիության մասին՝ նշելով, որ նման դեպքում ԱՄՆ-ը «պատասխան գործողություններ կնախաձեռնի»։ «Ինչ վերաբերում է մեր ներքին գործերին միջամտությանը, ապա այստեղ ամեն ինչ միանշանակ է՝ դա անթույլատրելի է։ Եւ ես հստակ փոխանցել եմ մեր ակնկալիքները Ռուսաստանից։ Թրամփի վարչակազմը միշտ կաշխատի, որպեսզի պաշտպանի մեր ընտրությունների էությունը»,- ասել է նա։