Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ քննարկել է ռազմավարական կայունությունը, Մոսկվան ուշադրություն է դարձրել ՓՄՀՀՊ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ի ներքին գործերին իբր «Ռուսաստանի միջամտությունը» քննարկելու Մոսկվայի բոլոր կոչերին Վաշինգտոնի կողմից զրո արձագանք է եղել։

«ԱՄՆ-ի ներքին գործընթացներին մեր միջամտության մասին բոլոր սպեկուլյացիաները անհիմն են։ Չկա որեւէ փաստ, որը կհաստատի դա, մենք չենք տեսել, եւ ոչ ոք դա մեզ չի առաջադրել, երեւի այն պատճառով, որ դրանք գոյություն չունեն»,- պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսում ասել է Լավրովը։

Նա հիշեցրել է, որ երբ սկսվեցին այդ թեմայով առաջին խոսակցությունները, դեռեւս 2016թ․ ընտրությունների նախօրյակն էր։ «Մենք այն ժամանակ Մոսկվայի եւ Վաշինգտոնում Բարաք Օբամայի վարչակազմի միջեւ գոյություն ունեցող խողովակներով բազմաթիվ անգամ ամերիկյան գործընկերներին հարցրել ենք այն կասկածները փարատելու հնարավորության մասին, որոնք արտահայտվել են 2016թ․ հոկտեմբերից մինչեւ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը։ Որեւէ պատասխան չի եղել։ Մեր բոլոր այն առաջարկներին, որ եթե դուք մեզ կասկածում եք, եկեք միասին նստենք եւ խոսենք, դրեք փաստերը սեղանին՝ զրո արձագանք է եղել։