ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայի հարցը եւ ընդգծել է Մինսկի պայմանավորվածությունների պահպանման անհրաժեշտությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք նաեւ խոսել ենք Ուկրաինայի մասին, մեր բանակցությունների մեծ մասը վերաբերում էր Ուկրաինային։ Պարոն Լավրովը վերադարձել է Փարիզից, որտեղ տեղի են ունեցել բանակցություններ Պուտինի եւ Զելենսկու միջեւ։ Մենք նաեւ խոսել ենք այդ երկրի անվտանգության եւ ինքնիշխանության մասին։ Նաեւ Լավրովին ասացի, որ Ղրիմը պատկանում է Ուկրաինային, ինչպես նաեւ անհրաժեշտ է հավատարիմ մնալ եւ կատարել մինսկյան պայմանավորվածությունների դրույթները»,- հայտարարել է Պոմպեոն։

Նրա խոսքերով ԿԺԴՀ-ի եւ Սիրիայի հետ կապված կարգավորման շատ գործոնների հանդեպ Վաշինգտոնի եւ Մոսկվայի տեսակետները համընկնում են։ «Ինչ վերաբերում է Սիրիային, մենք հավատարիմ ենք ՄԱԿ ԱԽ 2254 բանաձեւի համաձայն աշխատելու սկզբունքին, որպեսզի Սիրիայում ճգնաժամի քաղաքական ուղիներ գտնենք։ Կարծում եմ՝ մենք համաձայն ենք, որ ռազմական լուծում չկա»,- ասել է Պոմպեոն, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր մենք նաեւ ընդհանուր կարծիքի եկանք ԿԺԴՀ-ի լիակատար, վերջնական եւ ստուգելի ապառազմականացման հարցում։ Ես բարձրացրեցի պատժամիջոցների պահպանման կարեւորության հարցը»,- ասել է պետքարտուղարը։

«Խոսել ենք իրանական միջուկային ծրագրի հետ կապված ճգնաժամի հաղթահարման ուղիների շուրջ քննարկումները շարունակելու անհրաժեշտության մասին։ Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել իրանական միջուկային հետազոտությունների խաղաղ բնույթի ապահովման համընդգրկուն ծրագիրը փրկելու համար»,- ասել է Լավրովը։

Նա նաեւ նշել է, թե Ռուսատանը պատրաստ է աջակցել սպառազինությունների վերահսկման բանակցություններում Չինաստանի ներգրավմանը, սակայն Պեկինը հրաժարվել է դրանց մասնակցել՝ նշելով, որ իր միջուկային սպառազինությամբ լրջորեն զիջում է թե՛ Ռուսաստանին, թե՛ ԱՄՆ-ին։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաեւ իր ամերիկյան գործընկերոջը հրավիրել է այցելել Ռուսաստան՝ նրա համար ցանկացած հարմար ժամանակ։