Երեւանում ճանապարհային երթեւեկության հետ կապված իրավիճակը հետեւողականորեն վատթարանում է: Ի պատասխան՝ Ճանապարհային ոստիկանությունը ձեռնարկում է խնդիրը լուծելու փորձեր՝ հաճախ դիմելով կասկածելի փորձարկումների:

Այսպես՝ երեկվանից փոխվել է Ոստիկանական ակադեմիայի, Իսակովի պողոտայի հարակից հատվածում երթեւեկության կարգավորումը: Սա ամենածանրաբեռնված մայրուղիներից է, եւ գրեթե առաջատարը՝ ճանապարհատրանսպորտային պատահարների թվով:

Նախկինում այս հատվածում գործում էր չկարգավորվող հետիոտնային անցում: Հաշվի առնելով վերջին շրջանում վթարների մեծ թիվը՝ ՃՈ-ն սկզբում նվազեցրեց թույլատրելի ամենաբարձր արագությունը, իսկ դեկտեմբերի 10-ից լուսացույց տեղադրեց, իսկ եզրի աջ ուղեմասը առանցնացված է շրջադարձ կատարելու համար:

Հատկանշական է պողոտայում երթեւեկության կազմակերպումը՝ արագության ռեժիմն է 60-ից մինչեւ 80 կմ/ժ տարբեր հատվածներում: Սակայն ոստիկանական պարեկների բացակայության պատճառով կարելի է «ջիգիթների» տեսնել, որոնք կրկնակի մեծ արագություն են զարգացնում: Օրերս «Ֆեյսբուքում» տեսանյութ էր հայտնվել, թե ինչպես է կարմիր ջիպը ընթանում հանդիպակաց ուղեմասով (Իսակովի պեղոտայում հանդիպակաց ուղեմասերը բաժանված են բետոնե պատվարով):

Նորամուծությունը հարուցել է վարորդների մեծ դժգոհությունը: Ինչպես եւ սպասվում էր, լուսացույցի ներդրումը հերթական խցանման պատճառ է դարձել, իսկ առանձնացված ուղեմասը խանգարում է ինչպես հանդիպակաց, այնպես էլ համընթաց հոսքին:

Միաժամանակ, խցանումների հիմնական խնդիրը շարունակում է չլուծված մնալ՝ վարորդների կարգապահության բացակայությունը, որոնք համառորեն չեն ցանկանում միացնել շրջադարձի թարթիչը (ինչը հաճախ դառնում է ճանապարհային պատահարի պատճառ), արագության ռեժիմի գերազանցումը, կայանված մեքենաների մեծ թիվը, այլ խախտումներ:

Վարորդներից շատերի կարծիքով՝ ՃՈ գոնե 2 անձնակազմի ներկայությունը իրավիճակը զգալիորեն կթեթեւացներ: Մեկ այլ լուծում կարող է լինել շատ երկրներում կիրառվող տեսահսկման սարքերի կրկնակի արագաչափերի մոտեցումը. եթե երկրորդ խցիկն ավտոմեքենան գրանցում է ավելի պակաս ժամանակում, քան անհրաժեշտ է առաջին խցիկից մինչեւ երկրորդը թույլատրելի արագությամբ անցնելու համար, սա մեխանիկորեն նշանակում է արագության գերազանցում: