ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատներն իրենք արդեն խճճվել են իմփիչմենթի ընթացակարգում՝ այն դեպքում, որ իր վարկանիշներն աճում են: Նա այս մասին հայտարարել է երեքշաբթի երեկոյան՝ ելույթ ունենալով Փենսիլվանիայում տեղի ունեցած հանրահավաքին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է Միացյալ Նահանգների, Մեքսիկայի եւ Կանադայի առեւտրային համաձայնագրին (The United States - Mexico - Canada Agreement, USMCA) աջակցելու մասին այն նույն օրը, երբ հայտարարում էր, որ իրենք [դեմոկրատները] պատրաստվում են ինձ ենթարկել իմփիչմենթի ընթացակարգի,- ասել է Թրամփը: Ինձ՝ 45-րդ նախագահին, ձեր սիրելի նախագահին»:

«Փելոսին հայտարարել է իմփիչմենթի մասին, նրա թիկունքին մի քանի տղաներ են կանգնած,- շարունակել է նա: - Հիմա նա հայտարարել է, որ համաձայնագրին [կաջակցի]: Ինչո՞ւ: Որովհետեւ դա ահռելի գործ է»:

«Նրանք իմփիչմենթի պատճառով շարքից դուրս են եկել, իսկ մեր վարկանիշները այդ՝ շատ հիմար իմփիչմենթի շնորհիվ աճել են»,- պնդել է Սպիտակ տան ղեկավարը: Նրա խոսքով՝ իմփիչմենթի շրջանակում հետաքննությունն ուղղված է այն հանգամանքին, որ «ոչնչացնեն 2016 թվականի ձայները կամ փորձեն հաղթել 2020 թվականի ընտրություններում»:

Իմփիչմենթի ընթացակարգի մեկնարկից սկսած՝ հարցումները ցույց են տվել նախագահին աջակցելու տարբեր, բայց ընդհանուր առմամբ սաստիկ տարբերվող տվյալներ: Օրինակ՝ հոկտեմբերի 1-ին Մոնմուտի համալսարանի հետազոտական ծառայությունը վիճակագրություն է ներկայացրել, որի համաձայն ամերիկացիների կեսից ավելին դեմ է դեմոկրատների սկսած գործընթացին: The Wall Street Journal եւ NBC հեռուստաընկերության պատվերով կատարված հոկտեմբերի 9-ի հարցումը պնդել է, որ ԱՄՆ քաղաքացիների կեսից ավելին, հակառակը, հավանություն է տալիս իմփիչմենթի ընթացակարգին:

Նոյեմբերի 4-ին համանման հարցումը ցույց է տվել գրեթե նույնական արդյունքներ: Ընդ որում՝ ըստ Politico պարբերականի հետազոտության ընտրողների 56 տոկոսը կարծում է, որ Թրամփին կհաջողվի վերընտրվել երկրորդ ժամկետում: