Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործնթաց չկա, ինչպես եւ չի եղել վերջին 10-15 տարիներին: Այս մասին դեկտեմբերի 11-ին Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախկին պետնախարար, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար եւ Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ եղել են հանդիպումներ, սակայն դրանք չի կարելի անվանել բանակցություններ՝ բանակցային գործընթացում Արցախի բացակայության պատճառով: Ինչպես հավաստեց Հարությունյանը, այժմ հայկական կողմի դիրքորոշումը խստացել է՝ կապված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման անհրաժեշտությունն առաջին պլան մղելու հետ: Արցախի անկախությունն ու ինքնորոշումը չի կարող քննարկվել կամ բանակցությունների թեմա լինել: Ապագան կախված կլինի այն հանգամանքից, թե դա ինչպես կընկալվի Ադրբեջանի եւ ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից, նշեց Հարությունյանը: Ընդ որում՝ նա հայտարարեց, որ ոչ միայն Մադրիդյան, այլեւ նախկինում քննարկված բոլոր բանաձեւերն այս դիրքորոշումը չեն արտահայտել, պարունակել են ինչ-որ մշուշոտ ձեւակերպումներ: «Արցախի ժողովուրդը մշտապես դեմ է արտահայտվել Մադրիդյան սկզբունքներին: Չի կարող քննարկվել ձեւակերպում, որն անընդունելի է առաջին հերթին Արցախի ժողովրդի համար: Հայաստանում եւ Արցախում իշխանությունը, որը հանդես կգա անընդունելի որոշման այդպիսի տարբերակի օգտին, կա՛մ պետք է հրաժարվի բանակցություններից, կա՛մ՝ իշխանությունից»,- հավաստիացրեց Արայիկ Հարությունյանը:

Հարությունյանն անթույլատրելի է համարում Արցախի իշխանություններին եւ ադրբեջանցի փախստականների ներկայացուցիչներին հավասարեցնելու փորձերը: Սակայն հանրավոր համարում է նրանց մասնակցությունը բանակցություններին՝ պայմանով, որ ճանաչվելու է Արցախի ինքնորոշման իրավունքը: