Արցախի նախկին պետնախարար, «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար եւ Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը չի մեկնաբանում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն այն մասով, որ «Անընդունելի է Ղարաբաղում ունենալ քծնող նախագահ, ով հնազանդորեն տուրք է տալիս որեւէ մեկի, ներառյալ Հայաստանի վարչապետի, քմահաճույքներին: Այդ որակները հատուկ են տկար եւ թույլ անձերին, իսկ այդպիսի «առաջնորդությունը» կարող է աղետալի հետեւանքներ ունենալ Արցախի համար»:

Թե ում են հասցեագրված այս խոսքերը՝ Հարությունյանն առաջարկել է հարցնել հենց հեղինակին։

«Ինչ վերաբերում է քծնանքին։ Երբեք չեմ արել դա»,- ընդգծել է Հարությունյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի նախկին իշխանությունների հետ հարաբերությունները նորմալ են եղել։ Ավելի ճիշտ՝ Հարությունյանը միանգամայն գոհ էր հարաբերությունների տնտեսական բաղադրիչից, բայց դժգոհ Ղարաբաղի վերաբերյալ քաղաքականությունից։ «Եվ ասել եմ այդ մասին»,- հավաստիացրել է Հարությունյանը՝ ավելացնելով, որ չի հակառակվել քաղաքականությանը, քանի որ գիտեր, որ ոչ մի իշխանություն չի կարող դեմ գնալ Արցախի ժողովրդի կամքին։