Արցախի նախկին վարչապետ, հիմա «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար եւ Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը Հայաստանի որոշ լրատվամիջոցների մեղադրել է պատվիրված զրպարտչական հոդվածներ պատրաստելու մեջ: Նախկին պաշտոնյան իր դժգոհությունը հայտնեց դեկտեմբերի 11-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Լրատվամիջոցներին եւ քաղաքական գործիչներին պահանջներ շարադրելը սկսելով Արցախում ընտրությունները լուսաբանելու, այլ ոչ թե միջամտելու խնդրանքով՝ Հարությունյանն այնուհետեւ հայտարարեց պատվերով հոդվածների մասին, որոնց նպատակն է Արցախի պառակտումը: «Ստոր զրպարտչական հոդվածները Արցախում խնդիրներ են առաջացնում: Դրանք դավադրական քայլեր են: Եթե խնդիրներ կան, հարցը բարձրացրեք եւ մեկնաբանություն ստացեք: Պետք չէ Արցախը ներքաշել Հայաստանի ներքաղաքական կյանքի մեջ»,- նշեց Հարությունյանը: Նա նաեւ խոստացավ այդպիսի լրատվամիջոցներին անվանական ամոթանք տալ: «Խոսքը ոչ թե տարաձայնությունների, այլ զրպարտության մասին է»,- պարզաբանեց նա եւս մեկ անգամ: