Շուշիում կբացվի արցախա-իտալական արհեստագործական ուսումնարան: Այս մասին դեկտեմբերի 11-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում ասաց Արցախի նախկին վարչապետ, հիմա «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար եւ Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ իտալական ուսումնարանը կհամալրի արդեն գործող ֆրանսիական դպրոցը. ֆրանսիացիներն օգնում են շինարարներ պատրաստել, իսկ իտալացիները կսովորեցնեն դիզայն, փայտամշակում, խճանկար, հյուրանոցային գործ: Նաեւ Գերմանիայից խոշոր նրդրում կատարելու առաջարկ կա այգեգործության եւ գյուղատնտեսության ոլորտում:

Արայիկ Հարությունյանը հավաստեց, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները ամեն տեսակի օժանդակություն են ցուցաբերում Արցախի տնտեսության զարգացման համար: «Խոսքը խոշոր ներդրումային ծրագրերի մասին է, սպառազինությունից մինչեւ ժողովրդի ու բանակի սոցիալական հարցերի լուծում»,- պարզաբանեց Հարությունյանը:

Այս համատեքստում նա հիշեց, որ Հայաստանի եւ Արցախի տնտեսությունների զարգացումը ուղղակիորեն կապված է անվտանգության հետ: Նրա խոսքով՝ եթե առաջիկա 5 տարում չհաջողվի ապահովել լուրջ տնտեսական աճ, խնդիրներ կլինեն: Պատերազմի հավանականությունը կհաջողվի բացառել, եթե Հայաստանն ունենա 8 տոկոսից ոչ պակաս տնտեսական աճ, կարծում է Հարությունյանը: Նա հավելեց, որ տնտեսական աճի համար նախադրյալներ կան:

Արցախի նախկին վարչապետը չխուսափեց քննադատությունից: Նրա խոսքով՝ Արցախը չի կարող Սարսանգի ջրամբարի ջուրն օգտագործել ոռոգման համար այն պատճառով, որ բաշխիչ ցանցը հակառակորդի վերահսկողության տակ է: Արդյունքում՝ ջուրը գնում է Ադրբեջան: Հիմա իրավիճակը փոխելու փորձեր են ձեռնարկվում, ինչը թույլ կտա ոռոգել 10-15 հա: Սա Արցախի համար կարեւորագույն տնտեսական նախագիծ է, նշեց Արայիկ Հարությունյանը: