ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի ընկերոջ հաղորդման հիման վրա խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում դեկտեմբերի 10-ին ձերբակալվել է նաեւ միջադեպի մյուս մասնակից 23-ամյա երիտասարդը, որը Գյումրու բնակիչ է։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվությունից;

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում էր կատարել, ըստ որի՝ Գյումրիում երկու հոգի խփել էին ընկերոջը եւ սպառնացել, որ հաջորդը ինքն է լինելու։ Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել։ Բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել էին միջադեպի մասնակից անձանց ինքնությունը։ "Շեկո" մականվամբ 30-ամյա տղամարդը, որը Գյումրու բնակիչ է, հայտնաբերվել , ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին բերման էր ենթարկվել ու ձերբակալվել երեկ' դեկտեմբերի 9-ին։ Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։