Վրաստանի ՆԳ նախարարությունը ոչնչացրել է առգրավված ապօրինի շրջանառության թմրանյութեր, որոնց արժեքը «սեւ շուկայում» կազմում է մոտ 9 մլն լարի (3,1 մլն դոլարից ավելի), հայտնում է «Նովոստի- Գրոզիան»՝ վկայակոչելով ՆԳՆ-ին:

Թմրանյութերն առգրավվել էին տարբեր ժամանակ՝ որպես 676 քրեական գործերի շրջանակում իրեղեն ապացույց:

Դա 3 հազարից ավելի սուբուտեկսի հաբ է, 302 գրամ հերոին, տրամադոլի 14 պատիճ եւ 205 հաբ, 327 կգ կանեփ, 13 կգ մարիխուանա, 16 կգ կանեփի խեժ, կոդեինի 7 կգ եւ 1150 հաբ, մեթադոնի 204 պատիճ եւ ՄԴՄԱ 287 հաբ:

Արգելված նյութերը ոչնչացվել են բարձրջերմաստիճանային վառարանի մեջ՝ ֆիլտրացիայի համակարգով եւ շրջակա միջավայրի պահպանության ստանդարտների պահպանմամբ: ՆԳՆ աշխատակիցների հետ գործընթացին հետեւել են Գլխավոր դատախազության եւ Առողջապահության նախարարության աշխատակիցները: