«Բարգավաճ Հայաստանին» Բրատիսլավայում բանակցությունների մասին հայտնի է այնքան, որքան տեղեկատվություն է ներկայացվել իշխանության համապատասխան մարմինների կողմից։ Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ դեկտեմբերի 11-ին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Նրա խոսքով՝ իրենք հարցեր ունեն, որոնք առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կարող են քննարկել Հայաստանի արտաքին գործերի նախարարության համապատասխան անձանց հետ։ «Եվ միայն դրանից հետո մենք կկարողանանք ընդհանրացված գնահատական տալ»,- ընդգծել է Տոնոյանը։

Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները տեղի են ունեցել դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում (Սլովակիա), Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ։