Մենք բազմիցս ասել ենք, որ այս տարի եւս միջոցառումները կազմակերպելու է «Ֆակտոր Փրոդաքշն» ընկերությունը: Ես ընկերության ղեկավարության հետ ընկերական հարաբերություններ ունեմ, եւ ոչ միայն այս ընկերության, այլեւ այլ ընկերությունների ղեկավարությունների հետ, այդ թվում՝ Ռուբեն Ջաղինյանի, որոնք զբաղվում են միջոցառումների կազմակերպմամբ: Այս մասին դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, որն այնուհետեւ սկսեց հավաստիացնել, որ ինքը որեւիցե անձնական շահագրգռություն չունի այն հարցում, որ տենդերը շահի այս կամ այն ընկերությունը:

Պաշտոնյան նշեց, որ դրա վկայությունն է «Ֆակտոր Փրոդաքշն» ընկերությանը Քաղաքի օրվա միջացառումների կազմակերպումը մերժելը այն պատաճառով, որ ինքը չէր ներկայացրել մեկ թիվ եւ ընկել «սեւ ցուցակ»: «Պաշտոնին, այդ թվում՝ այն պաշտոնին, որը ես զբաղեցնում եմ, նշանակումները կատարվում են ելնելով աշխատանքի փորձից, կապերից եւ այլ կարեւոր գործոններից»,- հավելեց Վիրաբյանը:

Երեւանի փոխքաղաքապետը նշեց, որ չնայած Կառավարության որոշմանը, որը թույլ է տալիս մշակութային միջոցառումների համար գնումները կատարել մեկ անձից, մայրաքաղաքի իշխանությունները դիմել են 4 տարբեր ընկերությունների, որոնք պատասխանատու են միջոցառման առանձին տարրերի համար: «Քաղաքի իշխանություններն այսուհետեւ եւս կձգտեն կոլեգիալ որոշումներ ընդունել եւ հետեւել, որ միջոցները նպատակաուղղված ծախսվեն»,- ամփոփեց նա: