ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կարեւոր իրադարձություն է դարձել, սակայն առայժմ ստիպված չենք խոսել 2 երկրների հարաբերություններում դրական տեղաշարժերի մասին: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Անկասկած, դա կարեւոր պահ է, բուն փաստը, որ ռուսաստանցի նախարարին ընդունել է ԱՄՆ նախագահը՝ կարեւոր պահ է»,- ասել է նա՝ մեկնաբանելով երեքշաբթի Վաշինգտոնում կայացած հանդիպումը: «Այլ հարց է, որ առայժմ ստիպված չենք խոսել մեր երկկողմ հարաբերություններում որեւէ դրական տեղաշարժի մասին,- հավելել է Պեսկովը: - Բայց այսպիսի շփումները կարեւոր են»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն երեքշաբթի Վաշինգտոնում բանակցություններ են վարել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Երկու հանդիպումների արդյունքներով, որոնք անցել են Պետքարտուղարությունում եւ Սպիտակ տանը, ամերիկյան կողմը նշել է մի ամբողջ շարք ուղղություններ, որոնցով երկրներն ունեն հարաբերությունների բարելավման հնարավորություններ: Ընդ որում՝ Վաշինգտոնը նաեւ ընդունել է, որ շատ այլ հարցերում Մոսկվայի հետ տարաձայնություններն ու մրցակցությունը շարունակում են պահպանվել: Լավրովն իր հերթին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թրամփը գիտակցում է Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների օգուտը, բայց Միացյալ Նահանգներում ուժեր կան, որոնք համաձայն չեն այս տեսակետին եւ խանգարում են 2 երկրների շփումների հաստատմանը: