Ուրալի պետական լեռնային համալսարանի (ՈւՊԼՀ) աշխատակիցները նոր փայլաքար են գտել Յամալա-նենեցական ինքնավար օկրուգում, այն անվանել են «ռայիզիտ»՝ ի պատիվ այն զանգվածի, որտեղ հայտնաբերվել է քարը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով բուհի մամուլի ծառայությանը։

«Լեռնային համալսարանի աշխատակիցները նոր ոսկերչական ակնաքար են գտել Բեւեռային Ուրալում։ Ուրալի համար նոր ակնաքարը ստացել է «ռայիզիտ» անվանումը՝ գտնվելու տեղի անունով – Ռայ-Իզ, որը գտնվում է Բեւեռային շրջանի մոտ»,- ասվում է հաղորդագրությունում։

Հավաստիացվում է, որ կարեւոր գտածոն ՈւՊԼՀ քարի ուրալյան կենտրոնի ղեկավար Ֆիրատ Նուրմուհամետովի, բուհի հանքաբանության, քարագիտության եւ երկրաքիմիայի ամբիոնի դոցենտ Միխայիլ Պոպովի եւ հանքաբան-ուսանող Դմիտրի Կորովինի աշխատանքի արդյունքն է։ Նրանց հաջողվել է նոր քարը գտնել Ռայ-Իզ կատարած արշավի ժամանակ։

Ռայիզիտը թույլ վարդագույն-գորշից մինչեւ հագեցած լավանդայի գույնի է, փայլը՝ խամրածից մինչեւ ապակու նման, ասել են բուհում։ Ամրությունը Մոոսի սանդղակով՝ 3,5-4,5 է, ինչը միջինից փոքր մակարդակ է, նման քարերը դանակով քերծվում են։

«Եկատերինբուրգի, Կազանի եւ Սանկտ Պետերբուրգի համալսարանների մանրամասն հետազոտությունների արդյունքներով ապացուցվել է, որ քարը սերպենտին, դոլոմիտ քարերի խառնուրդ է՝ տալկի եւ ստիխտինի ոչ մեծ պարունակությամբ։ Այն կարելի է համարել նոր ոսկերչական զարդաքար»,- ավելացրել են ՈւՊԼՀ մամուլի ծառայությունում։