Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ ռազմաքաղաքական պայմանագրի ստորագրումը մի քանի խնդիր կլուծի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 11-ին ասաց «Հայ դատի» եւ ՀՅԴ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Նրա խոսքով՝ դա հայկական կողմին հնարավորություն կտա հիմնավորելու շփման գծում հայ զինծառայողների առկայության փաստը, ինչը հաճախ մատնանշում է ադրբեջանական կողմը։ «Երկրորդ՝ երեւույթը հասկանալի կդառնա նաեւ միջազգային հանրության համար։ Չպետք է վախենալ այն բանից, որ պայմանագրի ստորագրումը կարող է ոչ միանշանակ արձագանքի արժանանալ միջազգային որոշ գործընկերների կողմից, քանի որ հակամարտությունն ինքնին պարզ չէ, եւ հեշտ ճանապարհներ չեն լինելու»,- ընդգծեց նա։

Մանոյանը նկատեց, որ ճիշտ չի լինի ասել, թե Հայաստանը ոչ մի ձեւով չի ճանաչել Ղարաբաղը, ինչի մասին վկայում են Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչության առկայությունը, տրամադրվող վարկերը, երկու հանրապետությունների պաշտոնյաների հանդիպումները։ «Ղարաբաղի համար կարեւոր է նման մակարդակի հարաբերություններ հաստատել  7-8 երկրների հետ, ինչն էապես կբարձրացնի նրա սուբյեկտությունը։ Այս առումով շատ կարեւոր է Ղարաբաղի միջազգային ճանաչմանն ուղղված ակտիվ գործունեությունը, եւ այս կետը պետք է ներառվի Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւոր, առաջնահերթ ուղղությունների թվում»,- ասել է Կիրո Մանոյանը։