Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը կարող է փակուղի մտնել: Այս մասին դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ «Հայ դատի» եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի ներկայիս իշխանությունները կատարում են այն նույն սխալները, ինչ եւ նախորդ իշխանությունները: «Խոսքը Ղարաբաղի պաշտոնական ճանաչման եւ ռազմաքաղաքական համաձայնագրի կնքման մասին է: Այդպիսի գործողությունները կարող են ազդել իրադրության վրա, սակայն Հայաստանի իշխանությունները չեն շտապում այս հարցերն առաջին պլան մղել»,- պարզաբանեց Մանոյանը:

Նա նշեց, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում հակասություն է դիտվում, դա, մասնավորապես, վերաբերում է մի կողմից՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ» եւ «հակամարտության կարգավորման հարցում Երեւանի ու Ստեփանակերտի դիրքորոշումները նույնական են» արտահայտություններին, մյուս կողմից՝ պնդում է արվում բանակցությունների սեղան Ղարաբաղի վերադարձի անհրաժեշտության մասին: «Կարող է հարց առաջանալ՝ եթե Ղարաբաղը Հայաստան է, ապա բանակցություններին ԼՂՀ-ի ինչ մասնակցության մասին կարող է խոսք գնալ»,- շեշտեց ՀՅԴ ներկայացուցիչը՝ հավելելով, որ առաջին երկու արտահայտությունները կարող են մեկնաբանվել որպես բանակցային գործընթացին Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտության բացակայություն:

Նրա համոզմամբ՝ Երեւանը պետք է պաշտոնապես հաստատի ԼՂՀ-ի անվտանգության երաշխավորի իր կարգավիճակը: Կիրո Մանոյանը հիշեցրեց, որ Բրատիսլավայում ԱԳ նախարարի ելույթի տեքստի հատկապես անհետացած հատվածի միջադեպը բուռն ռեակցիա առաջացրեց, եւ այդ հատվածը հենց կապված է այն հանգամանքին, որ Ստեփանակերտը կարող է իրեն պաշտպանել, իսկ Հայաստանը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է: