AMARNA PROJECT հետազոտական նախագծի միջազգային հնագիտական առաքելությունը Եգիպտոսում Ահեթաթոն հնագույն քաղաքի տարածքում պեղումներ անցկացնելիս հայտնաբերել է դամբարաններ, որոնցում եղել են գլուխներին միստիկական կոնաձեւ օբյեկտներով մարդիկ, հայտնում է Science-ը:

Առաքելությունն աշխատել է եգիպտական Ամարնա քաղաքում, որի մերձակայքում են Ահեթաթոնի ավերակները: Վերջինը կառուցել է XVIII դինաստիայի Էհնաթոն փարավոնը, որն այնտեղ է տեղափոխել իր մայրաքաղաքը: Այս քաղաքը համարվում է ամենախորհրդավորներից մեկը. այն գոյություն է ունեցել ընդամենը 15 տարի, որը բնակիչները լքել են Էհնաթոնի մահից հետո:

Հետազոտողները հենց Ահեթաթոնում են գտել մոտ 3300 տարվա երկու արտասովոր դամբարանը: Դրանցից մեկը կողոպտվել էր դեռեւս հնադարում, մյուսը մի փոքր ավելի լավ էր պահպանվել: Դամբարանում հայտնաբերվել են սոցիալական շատ ցածր կարգավիճակով մարդկանց մարմիններ:

Նրանցից յուրաքանչյուրի գլխին եղել է հանելուկային կոն՝ ընդամենը 8 սմ բարձրությամբ: Դրանք վատ են պահպանվել եւ լի են անցքերով, որոնք հավանաբար բացել են միջատները: Գիտնականների կարծիքով՝ կոները պատրաստվել են ակնամոմից:

Հայտնագործությունը կարելի է սենսացիոն անվանել, քանի որ այդպիսի գլխանոցներ առաջին անգամ են հայտնաբերվում: Դրանք միեւնույն ժամանակ գիտնականներին լավ հայտնի են: Հին եգիպտական շատ պատկերներում կարելի է հանդիպել մարդկանց, որոնց գլուխններին երեւում են սուրճի բաժակի չափերով տարօրինակ կոներ:

Այդ առարկաները երկար ժամանակ մտահոգել են հնագետներին։ Քանի որ չկար ֆիզիկական որեւէ ապացույց, համարվում էր, որ «գլխի կոները» ինչ-որ խորհրդանիշներ էին, որոնք օգտագործվել են նկարիչների կողմից։ Նոր հետազոտությունն ապացուցում է, որ այդ կոները իրական են եղել։

Հայտնագործությունն, ըստ երեւույթին, վերջ կդնի սիմվոլիզմի տեսությանը՝ գաղափարին, որ կոները եղել են մարդու հատուկ կարգավիճակը նշելու միջոց, գուցե նրա սրբությունը, ինչպես քրիստոնեական արվեստում օգտագործվում են սրբերի լուսապսակները։

Կասկածի տակ է դրվել նաեւ մեկ այլ տարածված վարկած։ Այն չի ժխտում, որ կոներն իրական են եղել։ Բայց բացատրում է, որ դրանք եղել են քսուքի ինչ-որ խտացումներ, որոնցով ծածկել են գլուխը։ Նրանք աստիճանաբար հալվել են արեւի ճառագայթներից եւ մարմինը մաքրել ինչպես տառացիորեն, այնպես ել հոգեւոր առումով։

«Գաղափարն այն է, որ «ձուլելով» եւ «մաքրելով» մազերը՝ կոները կարողացել են ծիսականորեն մաքրել մարդուն՝ նրան մտցնելով համապատասխան վիճակի մեջ՝ ծեսերին մասնակցելու համար»,- ասում է հետազոտական խմբի ղեկավար Աննա Սթիվենսը՝ Մելբուռնի Մոնաշի համալսարանից։

Գիտնականները ստուգել են այս վարկածը քիմիական անալիզի օգնությամբ եւ ապացույցներ չեն գտել, որ կոները ձուլվել են եւ հայտնվել մազերի վրա։

Բացի այդ, մինչեւ այժմ կարծում էին, թե թաղված կանանցից մեկը եղել է մանկածնության տարիքում։ Գուցե նա կամ նրա հարազատները հույս են ունեցել, որ կոնը «կմեծացնի նրա բեղունությունը հանդերձյալ կյանքում»։