Ժամանակակից քաղաքները, դառնալով ընդարձակ եւ խիտ բնակեցված, հանգեցնում են կենսաբազմազանության զգալի կրճատման: Մշտապես աճող քաղաքների բացասական հետեւանքները դրսեւորվում են անգամ դրանց սահմաններից դուրս, հայտնում է հեղինակավոր Nature պարբերականը՝ վկայակոչելով հետազոտության արդյունքները, որն իրականացրել է գիտնականների միջազգային խումբը, փոխանցում է Planet- today-ը: 

«Քաղաքների աճը մարդկության զարգացման պայմաններում անխուսափելի գործընթաց է: Նոր շրջանների կառուցման համար ոչնչացվում են անտառները, փոխվում է տեղանքի կառուցվածքը, ստեղծվում կամ չորացվում են ջրամբարները, բնական միջավայրի վրա այս եւ այլ մարդածին ազդեցությունը կարող է բազմազան լինել, սակայն դա միշտ բնության համար ապակառուցողական ազդեցություն է, որի հետեւանքով նվազում է տեսակային բազմազանությունը»,- ասում են հետազոտողները:

Աշխատության հեղինակները այս թեմայով գոյություն ունեցող 900-ից ավելի հետազոտությունների լայնածավալ վերլուծություն են իրականացրել եւ ոչ մխիթարական եզրակացություն կատարել՝ քաղաքների աճը կենսաբազմազանության նվազման է հանգեցնում անգամ դրանց սահմաններից դուրս: Խոսքը տարածքների մասին է, որոնք քաղաքներից մի քանի տասնյակ կիլոմետր շառավղով են գտնվում՝ այստեղ, որպես կանոն, կենսաբազմազանության անկումը կազմում է մոտ 50 տոկոս:

Աշխարհի քաղաքները 2030 թվականին կարող են մեծանալ 300 հազար քառակուսի կիլոմետրով, ինչն ավելին է, քան Մեծ Բրիտանիայի մակերեսը: Գիտնականները վստահ են, որ քաղաքների աճը ուղեկցվելու է կենդանիների ահռելի քանակությամբ տեսակների անհետացմամբ, եւ այս գործընթացի կասեցումն, ամենայն հավանականությամբ, արդեն չի հաջողվի: