Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հրապարակել է զեկույց Ադրբեջանում կարծիքների արտահայտման ազատության վիճակի, իրավաբանների եւ ներքին տեղահանված անձանց իրավունքների խախտման մասին։

Ինչպես տեղեկացնում է Turan-ը, զեկույցը գրվել է Ադրբեջանում հուլիսի 8-12-ը եվրահանձնակատարի պատվիրակության հանդիպումների հիման վրա։

Միյատովիչն ափսոսանք է հայտնել, որ խոսքի ազատության պաշտպանության գործում Ադրբեջանում մեծ առաջընթաց չի արձանագրվել։ Նրա խոսքով՝ լրագրողները եւ սոցիալական ցանցերի ակտիվիստները, որոնք քննադատում են կառավարությանը, մշտապես ձերբակալվում են։ Նրանց մեղադրում են ոստիկանությանը դիմադրելու, խուլիգանության, փողերի լվացման, հարկերի վճարումից խուսափելու, էթնիկական կամ կրոնական ատելության, պետական դավաճանության, թմրանյութեր կամ զենք պահելու մեջ։

Այցի ընթացքում հանձնակատարը հանդիպել է լրագրողներ Սեյմուր Խազիի եւ Աֆղան Մուհթարլիի հետ։

Սեյմուր Խազիի 5 տարվա բանտարկությունն ավարտվել է օգոստոսի 29-ին, եւ նա ազատ է արձակվել։ Հանձնակատարը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել իրենց հայացքների համար բոլոր կալանավորվածներին։ Տասնյակ լրագրողների, փաստաբանների, քաղաքական ակտիվիստների եւ իրավապաշտպանների արգելված է դուրս գալ երկրից, նա կոչ է արել իշխանություններին ձեռնպահ մնալ այդ անօրինական պատնեշներից։

Հանձնակատարի գրասենյակը հրապարակել է նաեւ Ադրբեջանի կառավարության մեկնաբանությունները։ Իշխանությունների կարծիքով՝ որոշ գնահատականներ զեկույցում չեն արտացոլում երկրում մարդու իրավունքների հետ կապված իսկական իրավիճակը, իսկ դրանց մի մասը ճիշտ չէ։ «Հաշվետվությունը հատուկ մտահոգություն է առաջացնում երկրում ընդհանուր պատկերի առումով՝ հաշվի առնելով հատուկ հանգամանքները, որոնք գոյություն ունեն որոշ շրջաններում»,- ասվում է կառավարության պատասխանում։

Հանձնակատարը նշում է, որ Ադրբեջանի քրեական օրենսգրքում նախատեսված է պատիժ զրպարտության համար, եւ կրկնում է, որ զրպարտությունը պետք է ապաքրեականացվի։

2017 թվականի մարտի Տեղեկատվության մասին օրենքի լրացումները թույլ են տվել իշխանություններին արգելափակել մի շարք վեբ-կայքեր «տեղեկատվության համար, որը սպառնալիք է ներկայացնում պետության եւ հասարակության համար»։

Միյատովիչը իշխանություններին կոչ է արել օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական չափորոշիչներին։ Զեկույցում նա նշում է, որ Ադրբեջանում գոյություն ունի փաստաբանների սուր պակաս, ինչը հատկապես զգացվում է մայրաքաղաքի սահմաններից դուրս։ Միեւնույն ժամանակ, նա մտահոգ է մատուցվող իրավաբանական ծառայության որակից։ Հանձնակատարը ուշադրություն է դարձնում Խորհրդից որոշ փաստաբանների հանելու հարցին՝ հայտարարելով, որ նրանք ներգրավված են գործերում, որոնք քաղաքականապես զգայուն են։ «Հանձնակատարը կոչ է անում Փաստաբանների կոլեգիային թափանցիկ եւ արդարացի հետաքննել փաստաբանների դեմ բողոքները՝ նշելով, որ փաստաբաններն իրավունք ունեն արտահայտելու իրենց մոտեցումներն այն հարցերին, որոնք հանրային հետաքրքրություն են ներկայացնում, եւ նրանց ազատությունը պետք է ապահովված լինի»,- ասվում է հաշվետվությունում։ 2018-2019 թվականներին 11 փաստաբան զրկվել է արտոնագրից։

Նշելով, որ տեղահանված անձինք ղարաբաղյան հակամարտության հետեւանքով առաջնահերթ են եղել Ադրբեջանի կառավարության համար, հանձնակատարը ողջունում է իշխանությունների կողմից այդ մարդկանց իրավունքների ապահովման  կարեւոր միջոցների ընդունումը։ Միյատովիչը նշում է, որ որոշ տեղահանված անձինք դեռեւս ապրում են հանրակացարաններում, չեն կարող վերադառնալ իրենց տները, իսկ բնակարան հատկացնելու դեպքում հաշվի չեն առնում նրանց հատուկ պահանջմունքները։ Հանձնակատարը կոչ է անում  իշխանություններին բարելավել այդ անձանց բոլոր տնտեսական եւ սոցիալական իրավունքների եւ, մասնավորապես, բնակարանի եւ զբաղվածության բավարար հասանելիությունը։