Ներկայացված օրենսդրական փաթեթը ուղղված է սնանկության համակարգում բարեփոխումների իրականացմանը։ Այս մասին Պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում, դեկտեմբերի 11-ին ասաց Հայաստանի արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը։

Նրա խոսքով, օրենսդրական փաթեթը բավական երկար քննարկվել է խորհրդարանական խմբակցությունների եւ շահագրգիռ կառույցների ու գերատեսչությունների շրջանակում։

Համաձայն օրենսդրական նախաձեռնության, կանոնակարգվում է սնանկացման ճանաչման գծով կառավարիչների ընտրության եւ նրանց հանդեպ կարգապահական պատասխանատվության կիրառման գործընթացը։

«Բացի այդ, փոփոխությունների կենթարկվեն նրանց ծառայությունների վճարման մեխանիզմները»,- պարզաբանել է Գրիգորյանը՝ ավելացնելով, որ փոփոխությունների կենթարկվեն նաեւ անձանց, ընկերությունների կամ կազմակերպությունների սնանկ ճանաչման ժամկետները։

Նշենք, որ Հայաստանի կառավարությունը սնանկացման համակարգի երկարատեւ բարեփոխման պարտավորություն է վերցրել։ Հետազոտության արդյունքների հիման վրա մշակվել են սնանկացման ոլորտի բարեփոխման ճանապարհային քարտեզ եւ գործողությունների ծրագիր՝ սնանկության ոլորտի համապարփակ բարեփոխումների օրակարգի մշակմանն օժանդակելու համար։ Մշակվել է նաեւ սնանկության մասին գործերի կառավարման էլեկտրոնային պլատֆորմի տեխնիկական նկարագիրը։ Վերջինով նախատեսվել է, որ սնանկության գործերի կառավարման  էլեկտրոնային հարթակը կապահովի գործընթացների թվայնացումը՝ կապված սնանկության վարույթի հետ՝ սկսած վարույթի հարուցումից մինչեւ գործի ավարտը։ Այդ պլատֆորմի միջոցով կիրականացվեն փաստաթղթաշրջանառությունը, իրազեկումը, տեղեկատվության փոխանակումը՝ կապված սնանկության վարույթի հետ, ինչպես նաեւ վիճակագրական տվյալների հավաքումը։ Վարույթի մասնակիցները հնարավորություն կունենան հետեւելու վարույթի ընթացքին, դատարանը հնարավորություն կունենա կառավարել վարույթը էլեկտրոնային միջոցով։ Սնանկության կառավարիչների ընտրության եւ նշանակման գործընթացը նույնպես կիրականացվի այդ պլատֆորմի միջոցով։ Դա հնարավորություն կտա ստեղծել հատուկ միջավայր վարկատուների օնլայն-ժողովների անցկացման եւ քվեարկության համար։