Աթենքը ԵՄ-ի իր գործընկերներին կխնդրի դեկտեմբերի 12-13-ը ԵՄ խորհրդում ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի դիվանագիտական պաշտպանություն ստանա տարածաշրջանում Անկարայի աճող ագրեսիայից, հայտնում է EURACTIV-ը։

Ակնկալվում է, որ ԵՄ առաջնորդները կդատապարտեն Միջերկրական ծովում ծովային գոտիների սահմանազատման մասին Թուրքիայի եւ Լիբիայի փոխըմբռնման հուշագիրը, որը խիստ բացասական արձագանք է առաջացրել Աթենքում, Նիկոսիայում եւ Կահիրեում։

«Միջերկրական ծովում ծովային գոտիների սահմանազատման մասին Թուրքիայի եւ Լիբիայի փոխըմբռնման հուշագիրը խախտում է երրորդ երկրների ինքնիշխան իրավունքները, չի համապատասխանում ծովային իրավունքին եւ չի կարող հանգեցնել որեւէ իրավական հետեւանքների երրորդ երկրների համար»,- ասվում է փաստաթղթի նախագծում։

«Եվրոպական խորհուրդը ոչ երկիմաստ հաստատում է իր համերաշխությունը Հունաստանի եւ Կիպրոսի հետ՝ Թուրքիայի կողմից այդ գործողությունների հանդեպ»,- հավելում է փաստաթուղթը։

Թուրք-լիբիական համաձայնագիրը անտեսում է Կրետե կղզին։ Հունաստանը հայտարարում է, թե Թուրքիան ուզում է անօրինական հուշագրի միջոցով նախադեպ ստեղծել։