Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 12-ին, հրավիրված նիստում երկարաձգեց Վահե Դեմիրճյանի՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն գործուղման ժամկետը մեկ տարով՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:

ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8N 1259-Ա որոշմամբ Վահե Դեմիրճյանը 2019 թվականի հունվարի 1-ից մեկ տարի ժամկետով գործուղվել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն:

Ըստ հիմնավորման՝ ԵԽ քարտուղարության վճիռների կատարման վարչությունում իրավաբանի առկայությունը թույլ է տալիս Հայաստանի վերաբերյալ վճիռներին առնչվող հարցերում ժամանակին և պատշաճ աշխատանքներ իրականացնել վճիռների կատարման ընթացքում, ինչպես նաև ԵԽ Նախարարների կոմիտեին տրամադրել ակնկալվող տեղեկատվությունը, ինչը բազմիցս օգտակար է եղել ՀՀ ներկայացուցչին և ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությանը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման բնագավառում որոշակի բարդություն է ներկայացնում կայացված ու ակնկալվող մի շարք վճիռների կատարումը։ 2020թ. ընթացքում սպասվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նոր վճիռների, ինչպես նաև արդեն իսկ ընդունված և կատարման տեսակետից բարդություն ներկայացնող վճիռների կատարման գործընթացի առավել ակտիվ շրջան թևակոխելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դեմ կայացված բոլոր վճիռների արդյունավետ կատարումն ապահովելու համատեքստում մեծապես կարևորվում է Հայաստանի Հանրապետության կառավարությունից գործուղված իրավաբան(ներ)ի ներկայությունը ԵԽ համակարգում և հատկապես ԵԽ քարտուղարության վճիռների կատարման վարչությունում։ Նշված մոտեցումը կիսել է նաև Եվրոպայի Խորհրդի անձնակազմի կառավարման վարչությունը՝ առաջարկելով ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությանը հնարավորության դեպքում երկարաձգել Վահե Դեմիրճյանի գործուղումը:

Հարկ է նշել նաև, որ միայն 2019 թվականի ընթացքում ԵԽ նախարարների կոմիտեի կողմից փակվել է Հայաստանի դեմ կայացված 16 վճիռների կատարման ընթացակարգ,, ԵԽ նախարարների կոմիտե են ուղարկվել մի շարք վճիռների վերաբերյալ գործողությունների պլաններ և հաշվետվություններ, ինչում էական դեր է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցչի գրասենյակի և Վահե Դեմիրճյանի արդյունավետ համագործակցությունը: