YouTube պորտալի աշխատակազմը մտադիր է հանել տեսանյութերը, որոնք պարունակում են քողարկված սպառնալիք, վիրավորանք ցեղային եւ սեռական պատկանելության, սեքսուալ կողմնորոշման վերաբերյալ։ Այս մասին ասվում է հայտարարությունում, որը չորեքշաբթի հրապարակվել է սերվիսի պաշտոնական կայքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

YouTube-ի ներկայացուցիչները նշել են, որ հրապարակվող տեսանյութի բովանդակությանը վերաբերող կանոնները թարմացվել եւ խստացվել են։ «Մենք միշտ հանել ենք սպառնալիք պարունակող նյութերը, նաեւ այն նյութերը, որոնք պարունակել են անձնական տեղեկատվություն»,- ասվում է հայտարարությունում։- Հիմա մեր կանոններով արգելվում են ոչ միայն ակնհայտ սպառնալիքները, այլեւ քողարկվածները կամ ենթադրվողները»։ Դա վերաբերում է «անձի հանդեպ բռնությանը կամ բռնության ակնարկմանը»։

Պորտալի աշխատակազմը տեղեկացրել է նաեւ, որ այլեւս մտադիր չէ թույլ տալ տեսանյութեր, որոնք կպարունակեն վիրավորանք որեւէ մեկի հասցեին։

YouTube-ի ներկայացուցիչները նշել են, որ մտադիր են միջոցներ ձեռնարկել այն ալիքների հանդեպ, որոնցում մշտապես տեղադրվում են որեւէ մեկի դեմ հարձակման տեսագրություններ։ Սկզբում խոսքը կարող է վերաբերել այդ ալիքներին ֆինանսական շահ ստնալուց զրկելուն։ Հետագայում դրանք կարող են փակվել։ Հայտարարությունում ասվում է, որ վերը նշված կանոնները վերաբերում են նաեւ տեսագրությունների մեկնաբանություններին։