Միլանի Գիտության եւ տեխնիկայի թանգարանում բացվել է «Լեոնարդոյի նոր պատկերասրահները» մշտական ցուցահանդեսը: Սա աշխարհում ամենախոշոր ցուցադրությունն է, որը նվիրված է Լեոնարդո դա Վինչիին՝ որպես ինժեների եւ բնության հետազոտողի, հայտնում է Artribune.com-ը:

Թանգարանի նոր բաժինը ավելի քան 1300 քառակուսի մետրի վրա ներկայացնում է 170 աշխատանքներ եւ 39 ինստալյացիաներ:

Նախապատրաստումը տեւել է 4 տարի, որին մասնակցել են Թուրինի թանգարանները, Միլանի Հնագիտության եւ Պատմության թանգարանները, Փարիզում Ֆրանսիայի ինստիտուտը եւ ամբողջ աշխարհում մշակույթի ավելի քան 70 հաստատություններ:

Ցուցահանդեսի բացումը նվիրված է հանրահայտ նկարչի եւ գյուտարարի մահվան 500-ամյա տարելիցին:

Ցուցահանդեսը թույլ է տալիս հետեւել գիտության եւ արվեստի տարբեր ասպարեզներին, որոնց իրեն նվիրել էր Լեոնարդոն: Ցուցադրում է Վերոկյոյի արվեստանոցում սովորելու ժամանակ նրա հետաքրքրվածությունը մեքենաներով եւ մեխանիզմներով, նկարելը որպես հետազոտության մեթոդ օգտագործելը, ռազմա-ինժեներական նախագծերը, թռչող սարքերը եւ տիեզերքի կառուցվածքի մասին մտքերը: