ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Երեւանի ընհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի, ընթանում է Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Դատավոր Գագիկ Պողոսյանն ամբաստանյալներից հետաքրքրվեց, թե ի՞նչ դիրքորոշում ունեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ։ Դատավորի հարցին ի պատասխան՝ 3 ամբաստանյալներն էլ ասացին, որ իրենց համար առաջադրված մեղադրանքը հասկանալի չէ։

«Դուք որ իմանայիք՝ շառ են անում, կընդունե՞իք. Սերոժի պատվերն է»,- ասաց ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը։

Որից հետո հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ամբաստանյալ Սամվել Բաբայանը․ «Ցիրկը շարունակվում է․․․Ձայնագրություններից պարզ երեւում է, որ ես ասում եմ՝ դա տռուբա է։ Հասկանալի է մեղադրանքը, բայց քանի որ վերեւից ներքեւ մեղադրանքը սուտ է, այն չեմ ընդունում։ Պարզ երեւում է ձեր դիրքորոշումը, պետք է գործին ծանոթանալուց հետո կարճեիք, բայց չեք կարճել»։

Նշենք, որ մինչեւ ամբաստանյալների հայտարարությունները, դատարանը խնդրեց ոտքի կանգնել Սամվել Բաբայանին, ում հետ հավասար ոտքի կանգնեց նաեւ իր պաշտպանը՝ Արամ Ղլեչյանը։ Դատարանը նրան հորդորեց նստել, ասելով, որ ինքը հարցեր ունի միայն ամբաստանյալին, պաշտպանն էլ պատճառաբանեց, որ մեջքը ցավում է, եւ չի կարող անընդհատ վեր կենալ։

Այնուհետեւ դատարանը որոշեց սկզբում ուսումնասիրել գործով առկա ապացույցները, հետո առանձնացված գործով ամբաստանյալ Հրաչյա Մայիլյանին հարցաքննել, այնուհետեւ սույն գործով ամբաստանյալներին։

Նշենք նաեւ, որ ԶԼՄ-ներին դատարանը տվեց 10 րոպե ժամանակ տեսանկարահանել դատական նիստը։ Պաշտպանական կողմն առարկեց, նշելով, որ չկա հիմնավորում, թե ինչու չպետք է տեսանկարահանվի նիստը, այնուամենայնիվ դատարանը որոշումը չփոփոխեց։

Դատարանն անցավ գործով առկա ապացույցների ուսումնասիրմանը։

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ փողերի լվացում) եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման։ Վերաքննիչը անփոփոխ էր թողել առաջին ատյանի որոշումը, իսկ Վճռաբեկ դատարանը՝ բեկանել այն։