Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 12-ին, հրավիրված նիստում որոշում կայացրեց չերկարացնել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ժամկետը։ Որոշման նախագիծը ներկայացրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Առաջարկվում է երկարաձգել պարտադիր զինվորական ծառայություն չանցած և 27 (պահեստազորի սպայական կազմի համար 35) տարին լրացած քաղաքացիների նկատմամբ օրենքի գործողության ժամկետը, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել օրենքի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ դրույթը, որի համաձայն օրենքը ուժը կորցրած պետք  ճանաչվի 2020 թվականի հունվարի 1-ից։

Նախագծի ներկայացումը հիմնավորվում է նրանով, որ այն հնարավորություն կտա 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչա¬փե¬րին համապատասխան վճարը և վերադառնալով հայրենիք՝ ազատվել քրեական հետապնդումից:  

Հատկանշական է, որ Օրենքի նորմերի կիրառմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հնարավորության ընձեռումը կրում է խրախուսական բնույթ: Օրենքի առկայությունը և նշված անձանց նկատմամբ Օրենքի նորմերի կիրառումը պետության կողմից ցուցաբերված խրախուսանքի դրսևորում է, որը կոնկրետ ժամանակահատվածում ունի կոնկրետ քաղաքական կամ տնտեսական հիմնավորվածություն: Օրենքի գործողության ժամանակային ընթացքը ցույց է տվել, որ օրենքը դարձել է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոց կամ այն խթանելու հանգամանք, որի արդյունքում 18 տարին լրացած շատ քաղաքացիներ, հույսը դնելով օրենքով կարգավորվող հարաբերությունների և դրանում սահմանված ժամկետների պարբերաբար երկարաձգումների վրա, նախընտրում են Հայաստանը լքելու միջոցով խուսափել զորակոչից, այնուհետև 27 տարին լրանալուց հետո վճարել համապատասխան գումարը և ազատվել քրեական պատասխանատվությունից, ինչն իրավահավասարության ապահովման սահմանդրական սկզբունքի տեսանկյունից արդարացի չէ իրենց սահմանադրական պարտականությունը կատարած քաղաքացիների նկատմամբ:

Բացի այդ, չնայած վերջին տարիներին զինվորական ծառայության գրավչության ապահովման գործընթացում կատարված իրական քայլերից, զինվորական ծառայության զորակոչերից խուսափող անձանց թիվը չի նվազում, ինչը մեր կարծիքով, կապված է նաև «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի առկայության հետ:

Փաստացի խոսքը 1992 թվականի մինչև մարտի 1-ը ծնված քաղաքացիների մասին է, որոնք առաջին անգամ խուսափել են 2010 թվականի ամառային զորակոչից և 9 տարի հետո մենք նրան ազատում ենք պատասխանատվությունից։ Կառավարությունը նպատակահարմար չի գտնում խրախուսական բնույթ ունեցող օրենքի գործողության ժամկետի երկարաձգումը»,- նշեց նա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Մենք, ըստ էության, ասում ենք, որ այս երկար անունով օրենքի երկարացում, որն այն մասին էր, որ քաղաքացիները ներկայանում էին, ամեն խուսափած զորակոչի դիմաց գումար էին վճարում և ազատվում պատասխանատվությունից, չի լինելու, բայց օրենքը ուժի մեջ է մինչև սույն  թվականի դեկտեմբերի 31-ին»։

Տոնոյանը նաև ասաց, որ մոտ 3000 մարդու նկատմամբ կիրառելի է, մոտ 22 հազար են 27 տարին լրացածները, նա նաև ասաց, որ դիմումների քանակն ավելացել է։