«Լիդիան Արմենիա» ընկերությունը կատարել է Ամուլսարի հարակից համայնքների հողի վարձակալության վճարումներ, որը կազմել է շուրջ 930 000 ԱՄՆ դոլար։ Այս մասին հայտնում են «Լիդիան Արմենիա»-ի լրատվության ծառայությունից;

«Լիդիանի» մուտքն Ամուլսարի տարածք ապօրինի շրջափակված է 2018թ. հունիսից ի վեր: Չնայած դատարանի որոշմանը, որ պատկան մարմինները պարտավոր են վերականգնել «Լիդիանի» անխափան մուտքն Ամուլսարի տարածք, ճանապարհները շարունակում են մնալ շրջափակված: Այնուամենայնիվ, «Լիդիանը» շարունակել է իրականացնել պայմանագրային իր պարտավորությունները եւ կատարել է հողի վարձակալության վճարումները համայնքային բյուջեներ: Որպես թափանցիկության պարտավորություն «Լիդիանը» ամեն տարվա ավարտին հրապարակում է համայնքային բյուջեներ կատարված վճարումները:

2019թ. համայնքներին ընդհանուր վճարվել է 930 797 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից՝

Ջերմուկ/Գնդեվազ – 408 228 ԱՄՆ դոլար

Զառիթափ/Սարավան – 268 726 ԱՄՆ դոլար

Գորայք – 253 844 ԱՄՆ դոլար

2008-2019թթ. «Լիդիանը» նշված համայնքներին հողի վարձակալության դիմաց վճարել է ընդհանուր ավելի քան 6 մլն ԱՄՆ դոլար:

ՀՀ օրենսդրության համաձայն, ընկերությունը որեւէ իրավունք կամ լծակ չունի վերահսկելու, թե ինչպես են ընկերության կողմից վճարված գումարները օգտագործվում տեղական համայնքների եւ վարչական մարմինների կողմից: Այնուամենայնիվ, համայնքի բնակիչները իրավունք ունեն իրենց համայնքներից պահանջելու հողի վարձակալության դիմաց վճարված գումարների տնօրինման վերաբերյալ թափանցիկություն եւ հաշվետվողականություն:

Նախկինում որոշ համայնքներ «Լիդիանից» ստացված հողի վարձակալության վճարները ուղղել են համայնքային ենթակառուցվածքների բարելավմանը: Օրինակ՝ Գորայք համայնքը ամբողջովին արդիականացրել է խմելու ջրի եւ կոյուղու համակարգերը: «Լիդիան Արմենիան» բավարար տեղեկատվություն չունի այն մասին, թե ինչ նպատակներով է ծախսվել համայնքային բյուջեներ վճարված ավելի քան 6 մլն ԱՄՆ դոլարը վերջին տարիների ընթացքում:

Արտագաղթը աճում է

Տարեվերջին մենք նաեւ ամփոփել ենք Ամուլսարի հարակից համայնքներում արտագաղթի վերաբերյալ հասանելի տվյալները: Բոլոր համայնքներում թե՛ ժամանակավոր, թե՛ մշտական արտագաղթի զգալի աճ է գրանցվել ճանապարհների ապօրինի շրջափակումից ի վեր: Թե՛ մշտական, թե՛ ժամանակավոր արտագաղթածների թիվը 2019թ-ին 2017թ-ի համեմատ աճել է 2,6 անգամ (համապատասխանաբար 390/148, 90/34): Ընդհանուր 2019թ. 390 մարդ արտագաղթել է ժամանակավոր աշխատանք գտնելու նպատակով եւ 90 մարդ՝ մշտական:

Տվյալները հավաքագրվել են համայնքներից՝ Ջերմուկի զբաղվածության կենտրոնից եւ մյուս համայնքների տեղական կառավարման մարմիններից եւ համայնքի ներկայացուցիչներից: Պետք է նկատի ունենալ, որ արտագաղթի տվյալները կարող են տատանվել, քանի որ մարդիկ շարունակաբար տեղաշարժվում են: Ներկայացված թվերը հիմնված են տվյալ ժամանակահատվածի համար համայնքներում հասանելի հնարավորինս ստույգ տվյալների վրա: Այնուամենայնիվ, աշխատատեղերի եւ բիզնես հնարավորությունների բացակայության հետեւանքով արտագաղթի աճի տեմպերը ակնհայտ են՝ ներկայացված տվյալներից: