Չնայած կողմերի դիրքորոշումների տարբերությանը, ղարաբաղյան հակամարտության հարցում հնարավոր է փոխըմբռնում գտնել: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ես չէի ասի, որ մենք ինչ-որ կերպ գրանցել ենք կողմերի հետագա երկխոսության տեսլականի անհնարինությունը: Ինձ թվում է՝ կողմերն այդ մասին չեն խոսել: Այն, որ դիրքորոշումները տարբեր են՝ ակնհայտ է, այլապես բանակցային գործընթաց չէր լինի»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը, որպես միջնորդ երկիր, ամեն կերպ կնպաստի այս երկխոսության շարունակմանը հանուն երկարատեւ հակամարտության կարգավորման:

«Ամեն ինչ կանենք, որ երկխոսությունը կառուցողական շարունակություն ունենա, եւ կողմերը կարողանան գտնել փոխընդունելի որոշումներ»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ որոշ ոլորտներում երկխոսության օրինակներ արդեն եղել են. «Չնայած դիրքորոշումների տարբերությանը եւ նշված կարմիր գծերին, ոլորտներ կան, որտեղ հաջողվել է փոխըմբռնման հասնել: Խոսքը, մասնավորապես, լրագրողների խմբերի փոխանակման մասին է, ահա եւ հոյակապ օրինակ: Միջնորդների դերն այս հարցում կառուցողական էր»,- նշել է Զախարովան: