«Արեւելյան գործընկերության» «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի չորս հանձնաժողովները, որոնց նիստերն անցկացվել են Թբիլիսիում, ընդունել են հայկական պատվիրակության բոլոր 13 առաջարկությունները ներկայացված բանաձեւերի նախագծերի վերաբերյալ։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում, համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ դեկտեմբերի 12-ին ասաց «Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակության ղեկավար, կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Գայանե Աբրահամյանը։

Նրա կարծիքով, դա լուրջ հաջողություն է, որին կարողացել է հասնել պատվիրակությունը։ «Սոցիալական հարցերի հանձնաժողովում կրթության մասով մենք խորհուրդ էինք տվել ներառել այն բանաձեւը, որի համաձայն՝ «Արեւելյան գործընկերության» բոլոր մասնակից երկրներում առաջարկվում է բացառել այլատյացության դրսեւորումները, այդ թվում այլատյացության սերմանումը պետական մակարդակով, ինչպես նաեւ այլընտրանքային կրթության համակարգում։ Այս առաջարկն ընդունվեց»,- նշել է Աբրահամյանը՝ բացատրելով, որ դա, հասկանալի է, վերաբերում է հակահայկական քարոզչությանը եւ հակահայկական քաղաքականությանը, որն իրականացվում է Ադրբեջանում։

Միեւնույն ժամանակ, պատգամավորն ընդգծել է, որ հայկական պատվիրակության անդամները քաղաքական հարցերի հանձնաժողովում ներկայացրել են 8 առաջարկություն։ Աբրահամյանը նաեւ նշեց, որ ամենակարեւոր առաջարկությունն այն է, որ Հայաստանը հասել է բավական լուրջ առաջընթացի Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզի ստեղծման ուղղությամբ։ «Մնացած առաջարկություննեը վերաբերում էին համակարգային կոռուպցիայի մակարդակի նվազմանը եւ դրա դեմ պայքարին»,- ավելացրել է խորհրդարանականը։