Ոստիկանությունը կալանավորել է բողոքի ցույցի 16 մասնակցի Վրաստանի խորհրդարանի մոտ մանր խուլիգանության եւ ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու պատճառովբ, «Sputnik Գրուզիա»-ին տեղեկացրել են ՆԳՆ մամուլի ծառայությունում։

Ընդդիմադիր կուսակցությունների, այդ թվում նախկին կառավարող «Միասնական ազգային շարժման» ղեկավարները վաղ առավոտից հավաքվել են խորհրդարանի մոտ Վրաստանի Գերագույն դատարանի դատավորների թեկնածուների՝ այսօր նշանակված քվեարկության պատճառով։ «Ազգային շարժման» ղեկավարները եւ նրանց կողմնակիցները դեմ են այն թեկնածուներին, որոնք նախկինում «քաղաքական որոշումներ» են ընդունել հօգուտ իրենց։

Թեկնածուների մեջ կան նաեւ այնպիսիները, որոնց մեղադրում են ներկա իշխանությունների օրոք դատարաններում «կլանային կառավարում» ստեղծելու մեջ։

Գերագույն դատարանի դատավորների նշանակման հետ կապված գործընթացը արդեն մեկ տարի ուղեկցվում է սկանդալով։ Չնայած դատավորների ներկա թեկնածուներն ընտրվել են նոր համակարգով, Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների ընտրությունը դուր չի եկել ոչ ընդդիմությանը, ոչ հայտնի ոչ կառավարական կազմակերպություններին, ոչ կառավարող «Վրացական երազանք –դեմոկրատական Վրաստան» կուսակցության որոշ անդամների, որոնք ի նշան բողոքի հեռացել են կուսակցությունից։

Հինգշաբթի խորհրդարանի իրավաբանական կոմիտեն հավանություն է տվել ներկայացված 20 թեկնածուից 14-ին։ Նիստը տեղի է ունեցել ընդդիմության բղավոցների եւ մեղադրանքների ֆոնին։