Միշտ չէ, որ սթրեսը բացասական գործոն է, պարզել են ԱՄՆ գիտնականները, որոնք ուսումնասիրել են Rivulus ձկնիկների ուղեղը Կարիբյան ջրավազանի տարբեր շրջաններից։ Պարզվել է, որ ձկնիկները, որոնք ապրում են մեծ քանակությամբ գիշատիչների շրջանում, ավելի զարգացած ուղեղ ունեն, տեղեկացնում է Planet-today-ը։

Քոնեքթիկուտի Թրինիտի քոլեջի հետազոտողները որսացել են մեծահասակ ռիվուլուսներ, որոնք ապրել են Կարիբյան ջրավազանի տարբեր մասերում։ Որոշ ձկնիկներ ապրել են գիշատիչներով լի շրջաններում, իսկ որոշները՝ ավելի հանգիստ ու համեմատաբար անվտանգ ջրերում։ Հետազոտությանը մասնակցել են բացառապես որձ ձկնիկներ. գիտնականները մինչ այդ պարզել էին, որ սթրեսը ոչ մի կերպ չի ազդում էգերի ուղեղի վրա։

«Մենք ուսումնասիրել ենք ռիվուլուսների ուղեղը, ինչպես նաեւ չափել որոշ նեյրոֆիզիոլոգիական բնորոշիչներ։ Պարզվել է, որ ձկնիկների մոտ, որոնք ապրել են գիշատիչների կողքին, ավելի շատ են գլխուղեղի նոր բջիջները։ Մենք համոզված ենք, որ տարբերությունը պայմանավորված է այն փաստով, որ ձկնիկները ստիպված են գոյատեւել մշտական սթրեսի  եւ վտանգի պայմաններում։ Այստեղ կամա-ակամա պետք է մշակել բարդ վարքագիծ, որպեսզի ինչ-որ մեկի կերը չդառնաս»,- ասում են հետազոտողները։

Հետեւությունները, որ արել են գիտնականները, արդարացի են նաեւ մյուս էակների համար, համոզված են հրապարակման հեղինակները։ Ենթադրվում է, որ մեր հեռավոր նախնիները ավելի խելացի են դարձել ամեն քայլափոխի նրանց դարանակալած մշտական վտանգների պատճառով։