«Արեւելյան գործընկերության» Խորհրդարանական վեհաժողովի  «Եվրանեսթի» լիագումար նիստի բացմանը հայկական պատվիրակության առաջարկով բոլոր պատվիրակները, բացառությամբ Ադրբեջանից մեկ պատվիրակի, մեկ րոպե լռությամբ հարգել են 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ինչպես նաեւ մյուս բոլոր ցեղասպանությունների զոհերի: Այս մասին դեկտեմբերի 12-ին ԱԺ-ում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հայկական պատվիրակության ղեկավար, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

Նա նշեց, որ բացման արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ին՝ ՄԱԿ-ի հաստատած ցեղասպանությունների կանխման օրը: «Եվ ես, այս հնարավորությունից օգտվելով, խոսեցի Հայոց ցեղասպանության մասին: Ես շեշտեցի, որ մենք ձգտում ենք յուրաքանչյուր հնարավոր դեպքում հավուր պատշաճը մատուցել ոչ միայն Հայոց ցեղասպանության զոհերին, այլեւ անել հնարավոր ամեն ինչ նման հանցագործությունների կանխման համար: Ես բոլոր ներկաներին կոչ արեցի հարգանք մատուցել Հայոց ցեղասպանության եւ բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին: Բոլորը ոտքի կանգնեցին, բացի մեկ ադրբեջանցի պատգամավորի: Սակայն հասկանալով, որ սա հարգանքի տուրք է ցեղասպանությունների բոլոր զոհերին, ադրբեջանական պատվիրակության մյուս բոլոր անդամները ոտքի կանգնեցին»,- ասաց Աբրահամյանը: