Ազգային անվտանգության ծառայության մենաշնորհն այն է, որ միայն նա ունի գաղտնալսման տեխնիկական միջոցներ։ Անարդար է։ Իսկ հնարավորությունների հավասարեցումը կբարձրացնի հանցագործությունների բացահայտումը։ Այս մասին ՀՀ ոստիկասնությանը քաղաքացիներին գաղտնալսելու հնարավորություն տրամադրելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» իշխող կուսակցության պատգամավոր, նախագծի հեղինակ Արմեն Խաչատրյանը։

Նա հիշեցրեց, որ ոստիկանությունը մի մարմին է, որի վրա է դրված երկրում հանցագործությունների 80 տոկոսի բացահայտումը եւ կանխումը։

«Ոստիկանությունն այսօր ունի դատարանի որոշմամբ ծանր եւ առավել ծանր հանցագործությունների հետաքննության ժամանակ գաղտնալսում իրականացնելու հնարավորություն։ Սակայն ի լրումն այդ ամենի նա ստիպված է դիմել ԱԱԾ-ին, որն ունի անհրաժեշտ տեխնիկական միջոցներ։ Այս ամենը ազդում է հետաքննչական միջոցառումների օպերատիվության վրա եւ նաեւ լրացուցիչ կերպով ծանրաբեռնում է ԱԱԾ-ին, որը կարող է այդ ռեսուրսներն ուղղել այլ հունով։ Բացի այդ, դա ստեղծում է նաեւ լրացուցիչ թղթաբանություն։ Օրենքի այս նախագծի իմաստն այն է, որպեսզի թույլ տալ ոստիկանությանը ունենալ սեփական միջոցները, ինչը կուժեղացնի նաեւ առողջ մրցակցությունը ԱԱԾ-ի եւ ոստիկանության միջեւ»,- նշեց նա։

Պատգամավորը պարզաբանեց, որ վերահսկողություն հասկացության մեջ ներառվում է ոչ միայն հեռախոսների գաղտնալսումը, այլեւ, օրինակ, ինտերնետ-հասցեի միջոցով քաղաքացիների աշխարհագրական դիրքի որոշումը։

«Պատասխանատվությունն այն բանի համար, որ տեղեկատվությունը տրամադրվի ոչ շանտաժի կամ այլ նպատակների համար, կրում է ոստիկանությունը, ընդհուպ Հայաստանի ոստիկանապետը, դատախազությունը, իսկ վերջին կարեւոր գործոն է հանդիսանում դատարանը, որը տալիս է թույլտվությունը։

Նշենք, որ օրենքի նախագծով առաջարկվում է, որ ՀՀ ոստիկանությանը տրվի այս կամ այն գործով որպես կասկածյալ անցնող քաղաքացիների հեռախոսյին խոսակցությունները ինքնուրույն գաղտնալսելու հնարավորություն։