Եվրասիական տնտեսական միության երկրները պայմանավորվել են համատեղ իջեցնել արտասահմանյան ինտերնետ-խանութներից անտուրք ներկրման շեմը, լրագրողներին ասել է ՌԴ առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Բոլոր երկրները գնում են այն բանին, որպեսզի ինտերնետ-առեւտրի հարաբերություններ, վերահսկողություն եւ թափանցիկություն հաստատեն։ Մենք կդիտարկենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շրջանակում այդ շեմի նվազեցումը, որպեսզի հավասարեցնենք մրցակցության պայմաններն ինչպես սովորական, այնպես էլ ինտերնետ-առեւտրում»,- ասել է Սիլուանովը։

Նա ընդգծել է, որ նման առաջարկները կդիտարկվեն ԵՏՀ շրջանակում եւ կընդունվեն ԵՏՄ բոլոր երկրների համար։

2019 թվականի հունվարի 1-ից ԵՏՄ երկրներում արտասահմանյան ինտերնետ-խանութներից անտուրք ներկրման շեմը նվազել է 1 հազար եվրոյից մինչեւ 500 եվրո։

Հաջորդ տարի շեմը կիջնի մինչեւ 200 եվրո, կփոխվեն դրա կիրառման կանոնները, ասել է առաջին փոխվարչապետը։

ՏԱՍՍ աղբյուրի խոսքով՝ ավելի վաղ Սիլուանովը առաջարկել էր շեմը իջեցնել մինչեւ 100 եվրո 2020 թվականի հուլիսի 1-ից, 50 եվրո՝ 2021 թվականի հունվարի 1-ից եւ 20 եվրո՝ 2022 թվականի հունվարի 1-ից։ Սիլուանովը պարզաբանել է, որ անձնական օգտագործման ապրանքներն ուղարկելիս ԱԱՀ եւ ներկրման մաքսատուրք չի գանձվում, այն դեպքում, երբ ավանդական վաճառքում այդ հարկերը գործում են։ Արդյունքում՝ ֆիննախում նշում են, որ Ռուսաստանից շահույթն ու հարկերը հոսում են այլ պետությունների տարածքում գտնվող ինտերնետ-խանութներ։

Ինտերնետ-առեւտրի ընկերությունների ասոցիացիայի գնահատմամբ՝ անդրսահմանային առեւտրի ծավալը 2019-ին  կարող է հասնել 700 մլրդ ռուբլու, 2020-ին՝ ավելի քան 900 մլրդ ռուբլու։