Կառավարության այսօր՝ դեկտեմբերի 12-ին, հրավիրված նիստում հավանություն ստացավ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը։ Այն ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Նախագիծը նպատակ է հետապնդում որդեգրել միջազգային պայմանագրերով և միջազգային կառույցների խորհրդատվական բնույթի փաստաթղթերով առաջարկվող լավագույն չափանիշները հանցավոր ակտիվների շրջանառության դեմ պայքարի ոլորտում:Օրենքի նախագիծը ներմուծում է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մոդելը՝ չհիմնավորվող հարստացման բռնագանձումը, որը տարբեր դրսևորումներով առկա է Իտալիայում, Իռլանդիայում, Ավստրալիայում, Բուլղարիայում, Սլովենիայում, Միացյալ Թագավորությունում»,-նշեց նա։ 

Բադասյանի խոսքով՝ իրավասու մարմինը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պատասխանատու ստորաբաժանում է, որը գտնում է  ապօրինի ծագման գույք, որը մարդու օրինական եկամուտներից չի բխում։

Նա ներկայացրեց նաև ուսումնասիրության հիմքերը․ «Կան հոդվածների շրջանակ, որոնք ազդակ են հանդիսանում ուսումնասիրության համար։

Նրա խոսքով՝ իրավասու մարմինը կարող է սկսել ուսումնասիրություն հետևյալ հիմքերի առկայության դեպքում.

1)            առկա է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ, որով հաստատվում է սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարումը, և տվյալ քրեական գործի նյութերով առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ դատապարտված անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք, որը չի բռնագանձվել դատավճռով.

2)            հարուցված քրեական գործով անձը որպես մեղադրյալ է ներգրավվել սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման համար, և առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք.

3)            առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, սակայն սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման առնչությամբ քրեական հետապնդումը կամ քրեական գործի հարուցումն անհնար է հետևյալ հիմքերից մեկով.

ա) ընդունվել է համաներման մասին օրենք.

բ) անցել են վաղեմության ժամկետները.

գ) անձը մահացել է.

դ) անձն արարքը կատարելու պահին չի հասել քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված տարիքին.

4)            առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, սակայն սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման առնչությամբ հարուցված քրեական գործը կասեցվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկով․

5)            «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված տվյալներով առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք։

6)            Միջազգային հարցումներին պատասխանելու համար։

Նախարարի փոխանցմամբ՝ եթե ուսումնասիրության արդյունքում 25 միլիոնից ավելիի չափով տարբերություն է առաջանում գույքի և օրինական եկամուտների մասով, արդեն սկսվում է շահագրգիռ անձանց ծանուցման գործընթացը, մինչև քաղհայցի հարուցումը առաջարկվում է ներկայացնել հիմնավորումներ գույքի ծագման օրինականության վերաբերյալ, նաև առաջարկվում է հայտարարագիր ներկայացնել, որի ամփոփումից հետո կամ դադարեցվում է կամ հաշտեցման բանակցություններ են սկսում կամ քաղհայց է ներկայացվում»։

ՄԻՊ Արման Թաթոյանն ասաց, որ նախագիծն ունի կարևոր նշանակություն հանրապետությունում փողերի լվացման դեմ պայքարի, կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի և այլ տեսանկյունից։ Նա ասաց, որ պետք է իրազեկման, պարզաբանման աշխատանքներ սկսել, իրավապահ համակարգերի համար ուղեցույցերի մշակման, որովհետև սա բոլորովին նոր ինստիտուտ է։

Նա նաև նորոշակի հարցեր բարձրացրեց․ «Ուսումնասիրության սկսման պահին գույքի ապօրինության վերաբերյալ տեղեկությունների ինչ զանգված կամ ինչ շեմ է ենթադրում օրենքը, հաշվի առնելով, որ ուսումնասիրության հիմքերը ապօրինության մասին բավարար կասկած չեն կանխորոշում»,-նշեց նա։ 

Բացի այդ, նրա խոսքով, պարզ չէ, թե ինչ հետևանք կունենա քաղաքացու կամ իրավաբանական անձի կողմից դատախազության պահանջած փաստաթղթերը չներկայացնելը։

Թաթոյանի խոսքով՝ դատախազությանը եթե բանկային կամ այլ նոտարական գաղտնիք պարունակող տեղեկություններ են պետք լինում, և դիմում է դատարան, դատարան էլ որոշում է կայացնում, սա պայմանավոևված է միայն անհրաժեշտության չափանիշով, ավելի ճիշտ կլիներ, որ կոնկրետ պահանջով լիներ։

Բադասյանն ասաց, որ իրազեկման գործընթացները շարունակվելու են, ուղեցուցյներ են մշակվելու և վերապատրաստումներ իրականացվեն։ 

Բացի այդ նախարարի խոսքով՝ միջազգային գործընկերներին այն հարցերը չեն մտահոգել, ինչ Թաթոյանին։ Թաթոյանը վրդովմունք հայտնեց, ասաց, որ իր հարցերին չպատռասխանեն հեծանիվ հորինելու մասին դիտարկումներով։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ սա կարող է դառնալ ոչ արդիական գործիք, ապա հարցրեց՝ ինչ են անելու, եթե կրիպտոարժույթ է կամ եթե օֆշորային կազմակերպություն է արտասահմանյան ակտիվների ռեպատրիացիա իրականացնելու համար։

Բադասյանն ասաց՝ եթե դժվար է ապացուցել, դա չի նշանակում, որ անհնար է։

Օրենքի գործողության ժամկետի շուրջ քննարկում ծավալվեց։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 10 տարին քաղաքական կոնտեքտ է ստանալու, ինչու 10 տարի․ «Ես հասկանում եմ, որ փորձագետներն աում են, որ 10 տարուց ավելի ապացույցները չեն պահպանվում, բայց եթե չի պահպանվում, չի պահպանվում»։

Բադասյանն արձագանքեց, որ գործող կարգավորմամբ 15 տարի է գործողության ժամկետը, բացառիկ դեպքերում նախատեսվում է գնալ մինչև 1991 թիվ։