Քրեական հանցագործությունների եւ ահաբեկչության դեմ պայքարելու համար Ավստրիայի հատուկ ծառայություններին էլեկտրոնային նամակագրություններին հետեւելու նոր գործիքներ տրամադրելը հակասում է սահմանադրությանը։ Այսպիսի որոշում է չորեքշաբթի օրը կայացրել Ավստրիայի սահմանադրական դատարանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

2018թ․ ապրիլին Ավստրիայի խորհրդարանը փոփոխություններ էր կատարել «Ոստիկանական անվտանգության մասին», «Հեռակոմունիկացիաների մասին» եւ «Ճանապարհային երթեւեկության կազմակերպմանը ներկայացվող պահանջների մասին» օրենքներում։ Նորամուծությունները պետք է ուժի մեջ մտնեին 2020թ․ եւ թույլ էին տալիս ոստիկանությանը հետեւել կասկածյալների էլեկտրոնային նամակագրությանը, մեսենջերների հաղորդագրություններին, որոշել բջջային հեռախոսների տերերի գտնվելու վայրը, առաջին իսկ հայցով ստանալ հասարակական վայրերում, տրանսպորտում տեսախցիկների տվյալների բազան՝ հետիոտների եւ ճանապարհային երթեւեկության մասնակիցների նույնականացման համար։  

Իշխանությունները պնդում էին, որ հետեւելու հնարավորությունների ընդլայնումը պետք է թեթեւացներ հանցագործությունների հետաքննության եւ կանխման աշխատանքները։ Ընդ որում, էլեկտրոնային նամակագրությանը հետեւելը պետք է կատարվեր միայն հանցագործության մեջ կասկածվողների հանդեպ, եթե տվյալ հանցանքի համար նախատեսվում էր հինգ եւ ավելի տարիների պատիժ։ Մասնավորապես, այդ կարգի հանցանքների թվում են ահաբեկչական գործողությունը եւ մարդկանց կյանքին սպառնացող որեւէ այլ սպառնալիք։ Ծրագրվում էր այդ մջոցառումները կիրառել միայն կասկածյալների, այլ ոչ թե նրանց շրջապատի անձանց կամ սովորական քաղաքացիների հանդեպ։

Դատարանի դիրքորոշումը

Ավստրաիայի սահմանադրական դատարանը, ուսումնասիրելով ընդդիմադիր պատգամնավորների միջնորդությունը, մերժել է օրենքների որոշ փոփոխություններ՝ նշելով, որ դրանք հակասում են սահմանադրությանը, անձնական տվյալների պաշտպանության եւ անձեռնմխելիության օրենքին, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին, ասվում է դատարանի հայտարարության մեջ։

Դատարանը, մասնավորապես, ընդգծել է, որ այդ ծրագրի օգտագործման ժամանակ հատուկ ծառայությունները ի վիճակի չեն լինի երաշխիքներ տրամադրել, որ ստացված տվյալները կօգտագործվեն բացառապես ծանր հանցագործությունների բացահայտման եւ կանխման համար։

WhatsApp-ը, Skype-ը եւ մյուսները

Ի սկզբանե օրենսդրական նախագծի նպատակը եղել է կասկածյալներին WhatsApp եւ Skype մեսենջերներում հետեւելը, ինչպես նաեւ գաղտնալսման եւ տեսագրման հնարավորությունների ընդլայնումը։ Ավստրայի հակահետախուզական ծառայությունը հայտարարել է, որ արմատական տարրերին հաջողությամբ դիմակայելու եւ ահաբեկչության դեմ պայքարելու համար անհրաժեշտ է մեսենջերների օգտատերերի նամակագրությանը հետեւելու թույլտվություն։

Միաժամանակ, հաջողվել է ընդունել կարեւոր փոփոխություններից մեկը, որը վերաբերում է հեռակոմունիկացիաներին։ 2019թ․ բջջային օպերատորներին պարտավորեցրել են SIM-քարտերը գրանցել կոնկրետ ֆիզիկական անձանց անունով։