Սեւերոմորսկում վերանորոգվող «Ծովակալ Կուզնեցով» ավիակիր հածանավի վրա հրդեհի հետեւանքով տուժածների թիվը հասել է 10-ի, հայտնում է РБК-ն։

Տուժածներից վեցը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ «Միայն մի տուժածի վիճակն է գնահատվում թեթեւ աստիճանի ծանրության,- հայտարարել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը։

Ավելի վաղ Հյուսիսային նավատորմի մամուլի ծառայությունում հայտնել էին, որ հրդեհի շիջման ժամանակ հածանավի վրա երկու զինվորականներ են տուժել, որոնք շնչուղիների այրվածքներ են ստացել։ Աղբյուրի տեղեկություններով՝ նրանցից մեկը սպա է, մյուսը՝ պայմանագրային նավաստի, նրանց հոսպիտալացրել են ծանր վիճակում։

«Ծովակալ Կուզնեցովի» վրա հրդեհը բռնկվել է դեկտեմբերի 12-ի առավոտյան՝ առաջին էներգահատվածում կրակի հետ կապված աշխատանքների հետեւանքով։ Բոլոր բանվորներին տարհանել են հածանավից, նրանց մեջ տուժածներ չկան։

Հրդեհը հաջողվել է մեկուսացնել։