Ներկայացված օրենսդրական փաթեթի շուրջ անցկացվել են ակտիվ քննարկումներ՝ սպորտային կազմակերպությունների եւ փորձագիտական հանրության մասնակցությամբ։ Այս մասին դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում օրենսդրական համապատասխան փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը։

Նրա խոսքերով՝ այս օրենսդրական նախաձեռնությունը հնարավորություն կտա Զինված ուժերի կազմում վերականգնել սպորտային ակումբը եւ բանակ զորակոչել այն անձանց, որոնք որոշակի ձեռքբերումներ ունեն սպորտում։ «Փոփոխությունների ընդունման դեպքում կստեղծվեն բանակում սպորտի տարբեր ձեւերի առաջընթացի հնարավորություններ։ Միաժամանակ ակումբային ձեւաչափը թույլ կտա միջոցներ խնայել պետբյուջեից եւ մասնավոր հատվածից ներդրումների հնարավորություն ստեղծել։ Հատուկ ուշադրություն կդարձվի սպորտի օլիմպիական ձեւերին»,- ասաց փոխնախարարը։

Ընդ որում, ինչպես նշեց Բալայանը, նախաձեռնության արդյունավետ իրականացման համար ծրագրվում է սերտ համագործակցություն հաստատել սպորտային ֆեդերացիաների եւ փորձագետների հետ։ Նա նաեւ հայտնեց, որ ներկայացված օրենսդրական փաթեթի համաձայն, գործող զինծառայողները եւ թոշակի անցած նախկին զինվորականները կկարողանան անվճար հանգստանալ պետական հանգստյան տներում։